Վերջին մեկ ամսում արդեն երկրորդ կարկտահարությունն Օձունում և համայնքի մյուս բնակավայրերում հողին է հավասարացրել ցանքատարածությունները։ Գյուղացիները չգիտեն՝ ում դիմել և որտեղից փոխհատուցում սպասել։ Հակակարկտային կայանները կրակեն, թե ոչ, միևնույնն է՝ կարկուտից գյուղացին տուժում է։
Օձունի վարչական տարածքում գտնվող հակակարկտային 7 կայանները ղեկավարվում են Դսեղից՝ Լոռու ռադիոլոկացիոն կայանից։ Այս կենտրոնից պետական, համայնքային և մասնավոր 300-ից ավելի կայան է շահագործվում։ Համայնքային միջոցներով տեղադրվածներն, ըստ կայանի տնօրենի, հիմնականում Զենիթ գազագեներատորային կայաններ են, որոնց արդյունավետությունն այնքան էլ մեծ չէ։
Մինչդեռ խորհրդային տարիներին կարկուտի դեմ հրանոթներով ու հրթիռային կայաններով պայքարն արդյունք էր տալիս։