Արևի պեծին տալու հետ գյուղացի տղամարդկանց առաջին գործը կովերին արոտ քշելն է: Երկրորդ ոչ պակաս կարևորը գյուղամիջում հավաքվելը, նարդի, թղթախաղ խաղալն ու տաք զրույցների բռնվելը երկրի և աշխարհի քաղաքական հարցերի շուրջ։
Տաշիրի Կաթնառատ գյուղն է, որի ամենաթարմ լուրերը, պատմությունը, հետաքրքիր ու բազմազան տեղեկություները պետք է իմանալ հենց այս տաղավարից:

Վիլսոն Խանաղյանը
«Աշխատանք չկա, հավաքվում ենք էստեղ, զրից ենք էնում, խաղ ենք էնում, զբաղվում ենք։ Կաթի զավոդը շինեն, աշխատացնեն։ Ստեղ լավ դպրոց ունեինք մենք, քանդեցին։ Էս էլ մանկապարտեզն ա, ո՞վ շինի», – ասում է Կաթնառատի բնակիչ Վիլսոն Խանաղյանը։
Ինչպես շատ ու շատ գյուղերում, այստեղ էլ գյուղացիների ապրելակերպի առաջին խոսուն փաստը գյուղամեջի առևտրի կրպակն է՝ ապառիկի անվերջ տետրերով:
«Ձեր աչքով նիսյեքը տեսեք, եթե մարդիկ ունենան, խի՞ էս տեսակի նիսյա կընկնեն։ Էս էլ երկրորդը», – ասում է վաճառողուհի Գրետա Սարգսյանը։

Գրետա Սարգսյանը
«Ժողովուրդն էստեղ շատ խեղճ են։ Ստեղ էնքան չեն նայում, ոչ մի հնարավորություն էսօր ժողովրդի համար չկա», – ասում է տարեց կաթնառատցիներից մեկը։
«Վայ, ինչ են ապրում, գոյատևում են էլի։ Հիմա ցանկացածի տներն էլ ման արի, տես, թե մարդիկ մեկ-երկու գոճի են առնում, էն էլ 35 հազար դրամ 6-7 կիլոգրամանոց գոճին, պահեն յոթ-ութ ամիս, պիտի մորթեն, գոյատևեն», – ասում է Գրետա Սարգսյանը։
Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ասել է թե՝ ապրուստի միակ միջոցն է, ոմանք էլ արտագնա աշխատանքի են մեկնում։ Կաթնառատում ինչն է շատ՝ կաթը, բայց ասում են՝ ջրի գնի են տալիս, մնում է միայն իրենց չարչարանքը:

«Եթե կաթը, ոնց որ պետքն ա գները բարձրացնեն, ժողովուրդը կապրեն։ իսկ գներն իջեցնում են, ես սաղ ձմեռ կերակրել եմ իմ անասուններին, որ հիմա օգուտ ստանամ, 140 դրամ ա դառել։ Էդ եղավ ապրե՞լ։ Ամեն ինչը թանկ ա, մենակ կաթն ա էժան։ Ջուրը 250 դրամ ա 300 գրամանոց ջուրը, իսկ կաթը 140 դրամ», – սրտնեղելով ասում է Վիլսոն Խանաղյանը։
Փոքրիկ այս գյուղում մի քանի կաթի մշակման արտադրամաս կա, վերջիններս գյուղացիներին հնարավորություն են տալիս տեղում կազմակերպել իրացումը, թեկուզև ցածր գնով։ Գյուղացիները կաթի իրացման ցածր գնից, արտադրությունում էլ գյուղմթերքի՝ շուկայում օր օրի նվազող պահանջարկից են դժգոհում:
«Վաճառք էս տարի չկա, շատ քիչ ա արտահանման պատճառով։ Եվ դժվար ա դարձել արտադրությունը կազմակերպել», – ասում է Կաթնառատի բնակիչ Սայադ Կիրակոսյանը։

Ինչևէ , ժամանակին Կաթնառատը հարուստ բնակատեղի է եղել իր արտադրություններով, հարուստ ավանդույթներով, կաթի առաջին գործարանով: Հիշում են՝ լավ են ապրել, բացի անասնապահությունից այլընտրանքային աշխատատեղեր են ունեցել։
Բնակավայրի ամենատարեց բնակչին հանդիպում ենք գյուղամիջում: Ամենատարեց, բայց ամենալավ հիշողություն ունեցող։ Կաթնառատցիք պապին այսպես են նկարագրում՝ քայլող հանրագիտարան: Գյուղի պատմությունն իրենից լավ այստեղ ոչ- ոք չգիտի:
«Մեր սովխոզը էլել ա 1880 թվին։ Գոթլեբի աղջկան օձն ա թույնել, 1892 թվին էդ աղջիկը՝ 14 տարեկան, մահացել ա։ Էլի՞ ըսեմ», – ասում է կաթնառատցի տարեց Վանուշ Սարգսյանը։

Կաթնառատում ահել ու ջահել աշխատասեր են, մի կտոր հացն արդար քրտինքով վաստակող։
«Գոհ, թե դժգոհ, էդ ա։ Ո՞վ կտա իրա լավը մեզ», – ասում է երիտասարդ մի կին։
Անհիշելի ժամանակներից գյուղ հանրային տրանսպորտ չի մտնում։ Քաղաք հասնելու համար 16 կմ ճանապարհ պետք է անցնել՝ թոշակ ստանալու, առևտուր անելու համար: Ոտքի հույսը չընկնելու համար դեռ տաքսու համար է պետք գումար հետ քաշել:
«Պըտի թոշակը բերես, պահես, որ տաքսիներին տաս, նորից հետ գնաս, էդ թոշակը ստանաս», – ասում է Կաթնառատի բնակիչներից մեկը։
Համայնքների միավորումով Տաշիրի կազմում խոշորանալուց հետո բնակիչները հույս ունեին հանրային տրանսպորտ տեսնել գյուղում, բայց․

«Հանրային տրանսպորտը մրցույթի միջոցով էր իրականացվում։ Հիմա էդ մրցույթը ձգվում է։ Այն երթուղիները, որոնք լավն էին, եկամտաբեր էին, դրանց մասնակցում էին, իսկ որ ուղիները, որտեղ բնակչությունը քիչ է, դրանց չէին մասնակցում։ Հիմա ընդհանուր քաղաքականությունն էնպես է տարվում, որպեսզի լինի մեկ օպերատոր, մեծ ծավալի տարածք ընդգրկի, որպեսզի կարողանա սպսասրկի նաև թույլ հնարավորություններ ունեցող համայնքների տրանսպորտային ուղևորափոխադրումները», – ասում է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը։
Իսկ մինչ այդ Կաթնառատում մարդիկ կշարունակեն մեծ չարչարանքով իրենց ամենօրյա հոգսերը հոգալ ՝անասուն պահել, հակ կապել, ջրի գնով կաթ հանձնել: Ու նաև ժամանակ գտնել գյուղամիջում հավաքվել՝ ասել- խոսելու, երբեմն նաև կատակախառն վեճերի բռնվելու համար: