Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Նորայր Արզումանյանը 30 տարուց ավելի է՝ Մարցի դպրոցում մաթեմատիկա է դասավանդում։ Ծնունդով այս գյուղից է։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո գյուղ է վերադարձել ու մինչև հիմա այստեղ է ապրում։ Մակավարժը, ինչպես ինքն է ասում, երկու ֆրոնտով է աշխատում՝ դպրոցի հետ համատեղելով գյուղի գործերը։ Նա Մարցի խոշոր տնտեսվարողներից մեկն է։
«Ինչքան էլ, որ մեր իշխանությունները պնդեն, որ դե գնա, ատեստավորվի, բարձր ստացի, ապրի։ մեր ժամանակներում չես կարա ուսուցչի աշխատավարձով պատշաճ ապրես։ Արժանավայել աշխատավարձ չենք ստանում։ Բնական ա՝ առավոտ ժամը 6-ին, ձմեռը, սկսվում ա իմ աշխատանքային օրը։ Մինչև 8։30 պիտի գոմն ավարտած լինեմ, որից հետո՝ դպրոց, կարելի է ասել՝ աշխատանքային երկրորդ ֆրոնտ», – պատմում է Նորայր Արզումանյանը։
Այսքան չարչարանքի օգուտը, սակայն, չի տեսնում։ Պետության կողմից տրամադրվող առանց տոկոսի վարկերից են օգտվել, մեծացրել տնտեսությունը՝ մեծ եկամտի ակնկալիքով։ Բայց սպասված արդյունքը չեն տեսել․ կաթի գինը ցածր է։

Նորայր Արզումանյանը
«Այսինքն դուրս ա գալիս, որ իրանք անիմաստ, փողի վատնում ասեմ, թե ինչ ասեմ, չգիտեմ, էդպիսի մի բան ա դուրս գալի էլի։ Ինձ օգուտ տվեցի՞ն, չտվեցին։ Ես 30 տոննա խոտ ուտացրեցի, խտացրած կերն ուտացրեցի՝ ակնկալիքով, որ մի բան էլ շահույթով ես դուրս կգամ։ Էսօր կաթի գների էս պայմաններում ձեռք չի տալի։ Էլ չեմ խոշորանա, աշնանը կթեթևացնենք բավականին, էլի հին, կոտրած տաշտակի առաջ կկանգնենք», – ասում է երկարամյա մանկավարժը։
Կաթը տեղում իրացնելու հնարավորությունՄարցում չունեն։ Ստիպված Վահագնի են ուղարկում։
«Էդ մի գործարանն ա, որ անալիզի վրա ենք հնաձնում, չի գոհացնում, բնականաբար շատ էժան ա կաթը, բայց մեր կովերի կաթի անալիզը բավականին բարձր ա, 200-220 լինում ա։ Բայց առհասարակ իրանց մոտ 180 դրամ ա կաթը։ Մյուս շաբաթ նորից կիջնի, կդառնա 160։ Ամեն շաբաթ իջացնում են կաթի գինը», – ասում է Գայանե Քոչինյանը։
Նորայր Արզումանյանի կինը՝ Գայանե Քոչինյանը, գյուղի բուժքույրն է, տանը՝ ամուսնու աջ ձեռքը։ Ասում է՝ մի ժամանակ ինքն էր մշակում կաթը, բայց հիմա ժամանակը չի հերիքում։

Գայանե Քոչինյանը
«Քանի որ հիմի կաթը շատ ա, ես էլ աշխատանքի եմ, չեմ կարա էդքանը ես պանիր ու ջիլ անեմ։ Չի էլ վաճառվում, որովհետև տնականը բավականին էժան ա, այսինքն ես հանձնում եմ, հանձնելու գինն ա էժան», – նշում է տիկին Գայանեն։
Տնտեսվարող ամուսիններին չեն գոհացնում նաև մսի գները։ Այն շուկայում մեկ թանկ է, մեկ՝ շատ էժան։
«Մեր պետությունը, ցավոք, էն պետությունը չի, որ օրինակ պլան դնես, ասես՝ էսքան դնում եմ, էսքան կստանամ։ Դա մեր երկրում հնարավոր չի։ Խոզեր ունեինք, մտածում ենք՝ էսքան կներդնենք, էսքանով կվաճառենք, 3 էր, թե 3,2 էր։ Հետո դարձավ 2,2։ ի՞նչ անես, էդքան ներ ես դրել։ Բայց վերջում քո ծախսը զոռով կփակի։ Մնաց էշությունը», – նեղսրտելով ասում է Նորայր Արզումանյանը։
Նման պայմաններում տնտեսվարողն առաջարկում է պետությանը՝ կապեր ստեղծել ու մթերքն արտահանել։

Ամուսինները նաև հող են մշակում, այգումրգերից անարատ օղի թորում, որը, սակայն, չեն վաճառում։ Ասում են՝ որակի հաշվին քանակը քիչ է լինում։ Եղածն իրենց սեղանի համար է։
«Չփչացող բանն ինչի՞ վաճառենք։ Հարազատաշատ ենք՝ քույր ա, եղբայր ա, խնամի, բարեկամ, հյուր գնալիս վերցնում ենք», – ասում են ամուսինները։
Արզումանյանների այգում նստելու տեղ հազիվ գտանք։ Գործի ժամին ամուսինները գրեթե չեն նստում։ Օղին կրակին է, իրենք էլ այգին են մշակում։
Նորայր և Գայանե ամուսինները երեք զավակ ունեն, մեկ թոռ։ Տիկին Գայանեն, որ Մարց Վահագնիից է հարս եկել, ասում է՝ ամեն ինչ անում են՝ իրենց երեխաների կյանքը հեշտացնելու համար։ Հետո հիշում է անցյալում մնացած դժվարին տարիները։
Այսպես են գյուղում ապրում, արարում օրվա ապրուստը՝ մե՛կ հողի հետ կռիվ տալով, մե՛կ եղանակի, մե՛կ էլ՝ անիմաստ ու գյուղացուն ոչինչ չտվող օրենքների։