Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Դեբեդի կիրճում կանաչով ծածկված փոքրիկ Թումանյանում լիարժեք երջանկության համար մոսկվացի Ալեքսանդրային սառեցրած ծովախեցգետնիններ, ամենասովորական դեղատուն և առաքման ծառայությունն է պակասում:
Նկարչուհի Սաշան Թումանյանում նույնիսկ աշխատանք է գտել, առայժմ կամավորական: Մշակույթի կենտրոնի նկարչության խմբակի երեխաների հետ է աշխատում:
«Փոքրերի հետ աշխատելը հետաքրքիր է, քանի որ նրանք նկարում են, ինչ ուզում են։ Ու ավելի լավ է ստացվում, քան մեծերի մոտ։ Մի հետաքրքիր մեթոդ եմ մտածել, այսինքն, ոչ թե ես եմ սովորեցնում իրենց, այլ իրենք ինձ։ Նկարում ենք հայերեն այբուբենը, իսկ ես այդ ընթացքում սովորում եմ բառեր, որոնք չգիտեմ», – պատմում է Ալեքսանդրան։
Թումանյանցի փոքրիկներն էլ Ալեքսանդրայի օգնությամբ ռուսերենի իմացությունն են լավացնում:

Թումանյանի հրապարակի հնաոճ իրերով սրճարանը քաղաքում ապրող մի քանի տասնյակ ռուսների սիրված անկյունն է:
Թումանյանում հաստատված ընկերներին լսել, Մոսկվայի լավագույն ռեստորաններում աշխատանքը թողնել է նաև Սերգեյը: Ընկերներից շատերն այս փոքր քաղաքում բնակարաններ են գնել, մշտական ապրելու որոշում կայացրել, ինքը դեռ երկմտում է:
«Կարծում եմ, եթե նույնիսկ Ռուսաստանում ամեն բան կարգավորվի, շատերը կշարունակեն այստեղ ապրել, նույնիսկ ընտանիքներով։ Առաջ ուղղակի գալի էին և գնում, հիմա հասկացել են, որ այստեղ ամեն ինչ համեղ է, բնությունը լավն է, մարդիկ՝ ավելի», – նշում է Սերգեյը։

Սերգեյը
Ֆրիլանսերներ, արվեստագետներ, ՏՏ ոլորտի մասնագետներ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո եկան Լոռի՝ Թումանյան, ու տասնամյակներ չօգտագործվող կարի ֆաբրիկայի կիսաքանդ շենքում հիմնեցին «Ապաստան» մշակութային ծրագիրը:
«Մենք հիմնադրեցինք «Ապաստան» ծրագիրը, որը նշանակում է օթևան։ Բավականին երկար ժամանակով վարձակալել ենք ֆաբրիկայի շենքը, վճարում ենք ոչ թե գումարով, այլ նրանով, ինչ անում ենք շենքի ներսում», – պատմում է Մաքսիմը։

Մաքսիմը
Մաքսիմը «Ապասան»-ում հյուսնի աշխատանք է անում: Որոշ ժամանակ ֆաբրիկայի շենքում են ապրել, կարգի բերել, բայց ջեռուցման բացակայության պատճառով ձմռանը տեղափոխվել բնակարաններ։ Հիմա կրկին պլանավորում են կիսաքանդ շենք վերադառնալ ու շարունակել ստեղծագործել: Այս ընթացքում «Ապաստան»-ում թանգարան են բացել, ներկայացում բեմադրել, կինոդիտումներ կազմակերպել: Արկադին ու Ալեքսանդրան դերասաններ են, մեծ պլաներ ունեն Թումանյանում։ Անտեսելով կենցաղային անհարմարությունները՝ որոշել են երկար մնալ:

Ձախից՝ Արկադին
«Կենցաղային պայմանները տարբերվում են նրանից, ինչին դու մանկուց սովոր ես։ Օրինակ, կենտրոնական ջեռուցման պակասը, որին փորձում ես հարմարվել», – նշում է Արկադին։
Մի խոսքով՝ Թումանյանում ռուսները երջանիկ են, ապրում են՝ անտեսելով կենցաղային որոշ անհարմարություններ, հիանում բնությամբ ու տեղացինբերի ջերմությամբ: