Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Տավուշյան ջերմ արևից քաղցրացած կեռասները ճանապարհաեզրին երկար չեն մնում. Գնորդներ որքան ասես: Պտղավանցի Սուրենի՝ Դեբեդի հովտի այգիները Երևանում ուսանող թոռներ, Պտղավանում էլ մեծ ընտանիք են պահում: Անձրևառատ տարին անհետևանք չի մնացել, տուժել է բերքի որակը:

Սուրեն Միքայելյանը

«Երեք-չորս վեդրոն հավաքում ենք, հազիվ էրկուսն ա դուրս գալիս։ Անձրևից փչացել ա, ճաքել ա, փտել ա։ Վերջին մի երկու-երեք տարին անընդհատ խոնավություն ա ըլնում մեր տարածաշրջանում, հատուկ շրջան կա, գալիս ա, մեր մոտով անցնում, նա շատ ա փչացնում։ Ծաղկման ժամանակը տարբեր ա, բնականաբար հասունացումն էլ ա տարբեր ըլում, մի կուլտուրային վնասում ա, մեկը չէ, էդ ձևի», – ասում է Պտղավանի բնակիչ Սուրեն Միքայելյանը։

Թեև վերջին երկու ամսում գրեթե ամեն օր տեղումներ են, խոնավություն, բայց ծառերի ոռոգումը պարտադիր պայման է:

Ծառի արմատները խորն են, անձրևներով ոռոգման ջրի վարձ խնայելն անիմաստ:

Հարություն Միրզոյանը

«Տարին լավ սկսվեց, բայց էս անձրևները բերքի հերն անիծեցին, պտուղը լրիվ թափվեց։ Էդքան խոնավությունից պըտի թափվեր էլի, ամեն օր անձրև էր գալիս։ Նոր էսօր, որ անձրև չի էկել։ Էն էլ Լալվարին, որ նայում ենք, ասում ենք՝ պահի մի քանի օր, որ գոնե էս խոտերը հավաքենք», – ասում է Պտղավանի բնակիչ Հարություն Միրզոյանը։

Տևական խոնավությունն ավելի շատ կորիզավորներին  է վնասել, հնդավորների պտուղը լավից –վատից պահպանված է: Այս տարի լավ բերք ակնկալվում է միայն արևելյան խուրմայից, որի վաճառքը տարածաշրջանում ավելացող այգիներով ու Վրաստանից ներմուծումով պայմանավորված՝ դժվարացել է:

«Կարալյոկն էլ անցած տարի մի կերպ, կոպիտ ասած՝ մի շան հալի վաճառեցինք։ Էս տարի հլա չգիտեմ՝ ինչ կլինի։ Վրաստանից ավելի էժան բերում են, սպառման շուկա չկա էլի։ Լարսը, որ շուտ-շուտ փակվում ա, չեն տանում։ Ստպված ժողովուրդը, որը չի վաճառվում, չիր են սարքում, մի մասը օղի ա քաշում», – ասում է գյուղացին։

Տևական անձրևները նաև տավուշցի անասնապահների համար են պատուհաս դարձել, խոտը շատ է, բայց հնձել չի լինում:

«Նույն տեղը հազար մետրից անցած տարի հանել եմ քսան տուկ, էս տարի հնձել եմ, երեք տուկ եմ հանել։ Անձրևը գալիս էր, քամին տալիս, միանգամից չորացնում էր, օգուտ չէր տալիս», – ասում է Պտղավանի բնակիչ Ռոմիկ Բլուդյանը։

Ռոմիկ Բլուդյանը

Անկախ եղանակից, խնդիրներից ու հոգսերից՝ գյուղի ու գյուղացու կյանքը սիրում է Ռոմիկը: Հիվանդ ժամանակ բժշկի չի դիմում, բժշկվելու սեփական՝արդեն փորձված մեթոդն ունի, այն է՝ հողի հետ աշխատանք ու լավատեսություն:

«Լավ ուտում եմ, լավ խմում եմ, լավ էլ աշխատում եմ։ Ես դժգոհ չեմ։ Հայաստանից էլ դուրս չեմ գա, ով էլ ուզում ա ղեկավար լինի՝ մեզ քոմակ չի։ Ամեն մարդ իրա կյանքին տեր։ Ես հիվանդացել եմ, բժիշկն ինձ չի բուժել», – ասում է Ռոմիկը։

Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ամեն մարդ իր դարդին, շարունակում է այգեգործը։ Ամեն դժվարություն հաղթահարելի է, միայն թե խաղաղություն լինի:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.