Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ալավերդու Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցում հաշվետու ցուցահանդես է՝ «Հույսի հայրենիք, լույսի հայրենիք» խորագրով: Ներկայացված էին ավելի քան 200 աշխատանքներ: Դպրոցն այս տարի 13 շրջանավարտ ունի:
Ներկաները բարձր գնահատական տվեցին նկարչության և խեցեգործության արվեստի նմուշներին, ոգևորեցին երեխաներին` հաջողություններ մաղթելով հետագա ստեղծագործական աշխատանքում:
«Տեսնում ենք՝ նկարներն էսքան պայծառ են, շատ ուրախանում ենք, որ էս դարում, ժողովորդի էս տխուր վիճակի մեջ երեխաները գոնե ուրախ են», – ասում է ցուցահանդեսին ներկա ծնողներից մեկը։

Արվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանը գոհ էր սաների առաջադիմությունից ու մեկ տարվա աշխատանքի արդյունքներից, սակայն մեկ մտագոհություն ուներ. երեխաները սկսել են առաջնահերթությունը տալ այլ խմբակների՝ հաճախ չներկայանալով դասերին:
«Տասներեքն ավարտում են։ Երկուսը, ցավոք սրտի, չեկան, քննական աշխատանքը չկատարեցին։ Դա համարում եմ անպատասխանատու քայլ։ Մի ամիս տրված էր ավարտական աշխատանքի համար, չեկան», – ասում է գեղարվեստի դպրոցի տնօրենը։

Շեշտը հիմնականում դրված էր հայրենասիրական թեմաներով աշխատանքներին,որոնցից յուրաքանչյուրի մեջ ասես ամփոփված էր ուսուցչի սրտացավությունն ու աշակերտի ջանասիրությունը:
«Կարողանանք նրանց մեջ զարգացնել իրենց ունեցածը, ոչ թե կոտրենք։ Մեր դպրոցում էդ ուղղությամբ հնարավորինս աշխատում ենք», – ասում է գեղարվեստի դպրոցի դասատու Շողեր Ղարսլյանը։

Շողեր Ղարսլյանը
Շնորհավորանքի խոսքեր, գրկախառնություններ, հուզմունք ու մի տեսակ թախիծ կար այս միջավայրում, քանի որ և՛ սաները, և՛ գեղարվեստի դպրոցի մասնագետները հրաժեշտ էին տալիս միմյանց։
Ցուցահանդեսը ոչ միայն սաների, այլև արվեստասեր ալավերդցիների համար սպասված իրադարձություն է։