Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Վարդաբլուրը տեղակայված է Գարգառ գետերի երկու ափերին։ Գյուղացիները պատմում են, որ որպես գյուղ բնակավայրը ձևավորվել է 18-րդ դարում․ Մուշից և Սասունից գաղթած մի քանի ընտանիքներ Վարդաբլուրի սևահող հարթ տարածքները մշակել ու գյուղ են հիմնել։ Իսկ գյուղի անվան ծագման հետ կապված երկու վարկած կա, ասում է Վարդաբլորի դպրոցի երկարամյա տնօրեն Հայկարամ Հարությունյանը:

«Մենք ասում ենք, որ Վարդան Մամիկոնյանն իրա զորքով ժամանակին էկել ա էս մեր սուրբ Սարգիս լեռան ստորոտում իջևանել ա, մենք ասում ենք՝ դրա համար են անվանել Վարդաբլուր։ Երկրորդ վարկածն էն ա, որ էդ տարածքում վարդակաղնիներ են աճելիս եղել, դրա համար են ասել Վարդաբլուր», – պատմում է Վարդաբլուրի բնակիչ Հայկարամ Հարությունյանը։

Խաղաղասեր, հանգիստ ու հյուրասեր մարդիկ են վարադաբլուրցիները, հաստատում է զրուցակիցս, ապա հավելում՝ գյուղը նաև շատ նշանավոր մարդիկ է տվել։ 

«Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր ենք ունեցել՝ Հարություն Աբելյանց, իրա մասին կա հանրագիտարանում։ Ինքը նավթի թորման համար սարքեր ա հիմնադրել, էդ սարքն իրա անունով ա կոչվել։ Ինքը լեռնագնացության սիրահար ա եղել, Ցյորիխից երկու անգամ եկել ա Հայաստան, որ բարձրանա Արարատ լեռը, չի հաջողվել։ Վերջապես մի անգամ մի ուղեկցող ա գտել, իրա արշավախմբով բարձրացել Արարատ լեռը։ հետո ունեցել ենք Ավետիք տեր-Պողոսյան, համալսարանի կենսաբանության ամբիոնի հիմնադիրներից մեկն ա եղել, ժառանգականության տեսության մասնագետ։

Հայկարամ Հարությունյանը

Մի հետաքրքիր դիպված կա մեր գյուղի մասին, որ ինչքան հիշում եմ, մարմինս սարսռում է․ Ավետիք տեր-Պողոսյանը հրավիրված ա էղել Լայպցիգ գիտապրակտիկ կոնֆերանսի, ընդեղ իրան ելույթ են տվել, էդ Աբելյանցն էլ դահլիճում նստած ա էղել։ Ավետիք տեր-Պողոսյանի խոսքից հասկացել է, որ նա այլազգի է, ընդմիջման ժամանակ մոտեցել է, հարցրել, պարզվել է, որ երկուսն էլ մեր գյուղացի են», – պատմում է երկարամյա մանկավարժը։

Հայկարամ Հարությունյանի խոսքով՝ գուղի հիմնադրման տարեթվի հետ կապված վարկածներն էլ տարբեր են։ Բնակավայրը նաև պատմական կոթողներով է հարուստ։ Գյուղի ամենաբարձր լեռան՝ Սուրբ Սարգսի գագաթին է գտնվում Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը, Կյուրիկյան թագավորների կառուցած ապարանքը։ Ի դեպ՝ Կոմիտաս Վարդապետը Լոռվա գութաներգը Վարդաբլուրում է ստեղծել։

«Իմացել ա, որ մաճկալները վար անելու ժամանակ երգում են, խնդրել, ասել ա էդ մարդուն կասեք գա, բերել են էդ մարդուն, հարցրել ա՝ կերգե՞ս, նա էլ ասել ա, որ պիտի եզները լծած լինեն, գութանն էլ աշխատի, որ երգեմ։ Ու էդ ձևով երգել ա, Կոմիտասը լսել, ստեղծել ու վերամշակել ա», – ասում է Հայկարամ Հարությունյանը։

Գյուղի կենտորնում երգի ստեղծմանն ու Կոմիտասին նվիրված հուշարձան է կանգնեցված։ Հեղինակը քանդակագործ Գրիգոր Մանուկյանն է։

«Ես ուրախ եմ, որ մեր գյուղում իմ ձեռքի աշխատանքը կա։ Շատ պատվաբեր եմ համարում», – ասում է քանդակագործը։

Վարդաբլուրում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու գյուղատնտեսական այլ աշխատանքներով։ Անմշակ չեն մնում նաև գյուղի տնամերձերը։ Վարդաբլուրի կլիման բարենպաստ է, հողը՝ բերրի։ Պողոսյաններն էլ անմշակ չեն թողնում տնամերձ այգին, աճեցնում են բանջարեղեն։

Սպարտակ և Լիզա Պողոսյանները

«Հինգ հեկտար հող ունենք դաշտում, կարտոֆիլ ու ցորեն ենք ցանում։ Սա ձեռով մշակում ենք, բայց ընդեղինը (դաշտինը) մեքենայացված է։ Խոտհարք էլ ունենք երկու հեկտար։ Կով ենք պահում, դրսի աշխատանք չունենք, դրսից օգնություն չունենք, մեր քրտինքով ապրում ենք», – պատմում ենք Վարդաբլուրի բնակիչներ Սպարտակ և Լիզա Պողոսյանները։

Այգու գործերում ամուսիներին օգնում ու հաճույքով ընկերակցում է նաև տան ավագ  թոռը՝ Արեգը։ Մանկապարտեզում սովորած բանաստեղծություններն առաջինը հենց պապի ու տատի համար է արտասանում։  

Լճերի շրջակայքը զարդարում են  հազարից ավելի եղևնիները, բարդիները, ուռենիները, որոնք թարմ օդ են ապահովում այստեղ։ Բացվող գեղեցիկ տեսարաններից զատ, տարածքը փոշոտման շրջանում նաև  առողջարանի է վերածվում և հազարվոր մարդկանց բերում Վարդաբլուր։ Մհեր Անանյանը մի քանի տարի է՝ տարածքը վարձակալել է։ Լճերում ձկներ է աճեցնում, բայց այն որպես բիզնես չի դիտարկում, քանի որ տարվա մեջ մի անգամ է միայն ձկների որս իրականացնում, որը մեծ ու լուրջ եկամուտ չի բերում։ Ասում է՝ հյուրերից միայն մի բան է խնդրում.՝ չաղտոտել տարածքը։

Մհեր Անանյանը

«Ով գալիս ա՝ հիացմունքով։ Կարա էդ բառերը չասի, նոր գնա, բայց ասում ա՝ շատ հրաշք տեղ ենք էկել, մի՞թե Հայաստանում սենց տեղ կա։ Նոր Շվեյցարիա ենք հայտնաբերել․ իրանց խոսքերն են։ Մեզ համար մի քիչ սովորական է դարձել, բայց այլ տեղից եկածները, մեր հյուրերը հիացած են գնում», – ասում է Մհեր Անանյանը։

Վարդաբլուրի հայտնի արհեստական լճերը ստեղծվել են 1990-ականներին։ Այն ժամանակին եղել է գյուղի և տարածաշրջանի, այսպես ասած, «ծովափնյա» հանգստավայրը։ Մհեր Անանյանը կարծում է, որ Վարդաբլուրում տուրիզմ զարգացնելու մեծ պոնտենցիալ կա։ Միայն թե մեծ ներդումներ են պետք։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.