Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի կառավարության հերթական որոշման արդյունքում վարորդները խուճապի մեջ էին․ մինչև օգոստոսի 1-ը պետք է հասցնեին իրենց վարած մեքենաների գազաբալոնները պարտադիր ստուգաչափման տանել։ Ոմանք հասցրեցին, մյուսներն էլ ժամանակ և ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով սպասեցին․ հնարավոր էր՝ պարտադիր ստուգաչափման ժամկետները փոխվեին։ Այդպես էլ եղավ։ Ժամկետները հետաձգվեցին, զուգահեռ նաև գազաբալոնների պարտադիր ստուգաչափման մասին խոսակցությունները դադարեցին։
Այսօր, երբ Ալավերդիում նույնպես ավտոմեքենաների գազաբալոնների ստուգաչափման կայան է բացվել, և այլևս հարկ չկա Սպիտակ, Գյումրի կամ Երևան գնալ, շատ վարորդներ պարզապես անտարբեր են․ ավելորդ գումար չունենք, ասում են։ Այն դեպքում, երբ Կառավարության որոշումը կարծես մոռացվել է։