«Վա՜յ,  շատ լավն էր է՝ ուրախ, զվարթ, իրանց էլ էր լավ, մեզ էլ։ Իսկ հիմիկվա մալինեն լրիվ փշրվում ա։ Մի կերպ զգույշ պոկում եմ», – ասում է Կարինե Շոլինյանը։

Լոռիում ազնվամորու այգեքաղի վերջին օրերն են, բայց գրեթե բերք չկա։ Տիկին Կարինեն հիշում է՝ նախորդ տարի Օձունի սարահարթի հարակից դաշտերում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Բերքահավաք էր, բոլորը աշխատանք ունեին։ Հինգ հեկտար դաշտում ամենաքիչը 15 աշխատող էր լինում։ Հիմա ինքն է մնացել, ուրախությունն ու քաղցր զրույցները պակասել են։

Ամռան սկզբին տեղացած ուժեղ կարկուտի վնասները այգեգործները հիմա են հաշվում։ Հագվեցի Արամ Մանյանի՝ ազնվամորու հեկտարներով այգիները այսօր գրեթե զրոյական վիճակում են, իրենք էլ՝ վարկային ծանր պարտավորությունների տակ։

«Անցյալ տարի ունեցել ենք 15-17 աշխատատեղ, հիմա մենք ենք 3 հոգով, մենք՝ մեր դաշտը։ Կարկտուտը եկավ, ջարդեց։ Որ հեկտարից պետք ա քաղեինք 500 կգ մալինա,  քաղում ենք  25 կգ ամեն քաղը», – ասում է Հագվու բնակիչ Արամ Մանյանը։

Ասում է՝ տղան հիասթափվել ու մայրաքաղաք է գնացել, որպեսզի կարողանա հոգա ընտանիքի առաջնային ծախսերը։ Հիմա մեկ-երկու մարդ է աշխատում այստեղ։ Փորձում են, ինչ-որ կերպ կարկտահարությունից տուժած դաշտը ուշքի բերել։

Արամ Մանյանը

«Գնաց Երևան, որպեսզի կարողանա իրա երեխեքին պահի, բա ի՞նչ աներ, վարկեր ունենք, գոնե չսառեցրին մինչև էկող տարի», – նշում է գյուղացին։

Ազնվամորու բերքի սակավությունից դժգոհում է նաև ամոջեցի Աշոտը։ Այստեղ էլ է բերքը կարկտահարությունից վնասվել։ Ասում է՝ մեծ հույսեր ուներ, որ լավ բերք կհավաքի, բայց․

«Դե ես նենց գիտեի՝ մի ավտո կառնեմ, էս հինը կգցեմ։ Բայց հիմա քաղում ենք ամեն թփից մի հատիկ, երկու հատիկ։ Ինչ կարանք անենք։ Լոռին դա ա՝ «մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ Աստծուց կախված»։ Ես միշտ ասել եմ՝ եթե օգնություն էլ ըլում ա, Արարատյան դաշտավայրին է լինում։ Լոռին մի հետ էլ ա բանի տեղ չեն դրել», – ասում է Ամոջ գյուղի բնակիչ Աշոտ Շոլինյանը։

Իրացման առումով, ասում է, խնդիր չի լինի։ Հատկապես, որ քիչ է քանակը, հեշտ կսպառվի։ Միայն այս տարի մորու քաղցրությունն է քիչ, դրա պատճառն էլ տևական անձրևներն են։

Աշոտ Շոլինյանը

«Որակը նորմալ ա, ճիճու չկա, բողոճ չկա, քաղցրությունն ա, որ մի քիչ պակաս ա», – նշում է գյուղացին։

Ամիսներով աշխատում են, բայց երաշխիք չունեն, որ լավ արդյունք են ունենալու։ Ա՛յ այսպես, մի քանի րոպեում կարող է կատարված աշխատանքը ջուրը լցվել, ասում են գյուղացիք ու հիշում մեծ Լոռեցու խոսքերը․ մի կտոր հաց, այն էլ՝ երկնքից կախված։

«Ես հեռատես էլ եմ, այսինքն, տիեզերքը խախտվել ա։ Կարող ա դեկտեմբերին էլ խնձորը ծաղկի, ծիրանենին ծաղկի։ Բնությունը խախտվել ա։ Տո բնության հետ ժողովուրդն էլ ա խախտվել», – ասում է Աշոտ Շոլինյանը։

Դառը դատել, դատարկ նստել։ Ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց գյուղացիների այսօրվա օրում։

«Ոսկի ունեի, բանկում էի դրել, բանկի աշխատողնին ասում են՝ ապահով տեղ ա, տանիցը մուկը կտանի։ Իսկ ստեղ սեյֆի մեջ ենք դնում, բացի սեյֆը օրգանի աշխատողներն էլ են։ Ես էլ հումոր արի, ասի աղջիկ ջան, բա խի չես դու քո վրինը հանում, դնում, եթե ապահով տեղ ա։ Գնամ էլի, գործերս մնաց։ Ապրեք։ Մյուս անգամ գաք՝ պատիվ կանեմ ձեզ», – եզրափակում է Շոլինյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.