Ջրաշուշանների լճակներով շրջապատված գյուղում կատակում են՝ արագիլները գյուղացիներից շատ են: Բլագոդարնոեի յուրահատկությունը ռուսական կոլորիտն է։ Թեև վերջին ռուսը կյանքից անցյալ տարի է հեռացել, բայց միևնույնն է՝ գյուղում ռուսական շունչը պահպանվում է:

«Благородные люди․․․ հարգանքով գյուղ էր, ռայոնի միջի ամենաառաջին գյուղն էր, ինչ ասեմ», – ասում է Բլագոդարնոեի բնակիչներից մեկը։

19-րդ դարի սկզբին բնակավայրը հիմնադրել է Կիրիլ անունով մոլոկան, որի անունով էլ կոչվել է Կիրիլովկա, հետո վերանվանվել Բլագոդարնոե: Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղում շատերը հեռանկար չեն տեսնում:

«Ինչ գործ ունին ստեղ, ի՞նչ կա, որ մնան։ Ո՛չ աշխատանք, ո՛չ գործ, ո՛չ ավտոբուս, ոչ մի բան», – ասում է գյուղացիներից մեկը։

«Ժողովուրդը կանգնում  են ճանապարհներին, որ գնան մի կերպ», – ասում է տարեց կանանցից մեկը։

Կաթնառատ-Բլագոդարնոե –Տաշիր երթուղին վաղուց չի գործում։ Ու թեև  բնակավայրը Տաշիրից հեռու չէ, բայց  մեկուսացած է: Տիկին Անահիտի երիտասարդ աղջիկները Տաշիրում աշխատանք են փնտրում, գտնելու դեպքում կտեղափոխվեն քաղաք։ Հակառակ դեպքում վաստակածը տաքսիների վրա կծախսեն:

«Մի կերպ ապրում ենք։ Յանիմ նպաստ են տալի, էն էլ կտրեցին։ Ասին՝ աղջիկները մեծացել են, թող էրթան, աշխատեն։ Տրանսպորտ չկա, ինչո՞վ գնան, աշխատեն։ Տաքսի կա՝ 1000 դրամ, 1500 դրամ։ Տրանսպորտ որ լինի, կուղարկենք, գնան, աշխատեն», – ասում է Անահիտը։

Բլագոդարնոեի խնդիրները երկու տարի առաջ մեկով պակասեցին։ Բնակավայրը վերջապես ջուր ունի, իսկ տրանսպորտի, գազի ու մանկապարտեզի բացակայությունը դեռ խնդիր է:

«Ամեն մարդ կուզի, որ իրա էրեխեն գնա մանկապարտեզ։ Դպրոցն իննամյա ա էստեղլիքը-լիքը խնդիրներ կան։ Տղամարդիկ մեծամասամբ գնացել են ռուսաստանները, աշխատանքի են գնում, որ ընտանիք պահեն, շատ դժվար ա ապրելը, աննկարագրելի, անբացատրելի դժվար», – ասում է Բլագոդարնոեի մի բնակիչ։

Նախկին գյուղապետը հաշվել է՝ գյուղում 20 տուն դատարկ է:

«Գյուղի մեջ մարդ չկա։ Որը մահացավ, որը գնաց», – ասում է։

Անասնապահական գյուղում սոցիալական իրավիճակն էլ ծանր է: Կաթի գնի տատանումներն անհետևանք չեն մնում:

«Կաթի գին վաբշե չկա։ Լավ կենե՝ թափես ջուրն, էրթա։ Ժողովուրդը պարտքեր ունեն, դրա համար էլ հանձնում են էժան գներով։ 140 դրամն ինչ ա», – ասում է մի գյուղացի։

«Կաթը գին չունի, իսկ մենք դրանով ենք ապրում։ Անասունը պահում ենք, օգուտ չենք տեսնում։ Հազիվ իրա ծախսերն ա հանում․ խոտ քաղել, խոտհունձ ա», – ասում է Բլագոդարնոեի բնակիչներից մեկը։

Գոնե գազ լիներ, գյուղական կենցաղը բարելավվեր, ասում են: Գազատարը հարևան գյուղ հասել է՝ շրջանցելով Բլագոդարնոեն: Գազի խնդիրը ընթացքիկ տարվա սուբվենցիոն ծրագրերում արդեն ներառված է:

Էդգար Արշակյանը

«Մոտ մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի, թե ով է շինարարը, և աշխատանքները կսկսվեն։ հուսով եմ՝ մինչև տարեվերջ գազամատակարարումը կհասցնենք մինչև Բլագոդարնոե», – ասում է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը։

Իսկ տրանսպորտի հարցը դեռ քննարկումների փուլում է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.