Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի պատմությունը հին ժամանակներից է գալիս, բայց գյուղի մասին պատմող շատ էջեր դեռ անհայտ են։ Տեղի որոշ հուշարձաններ վկայում են, որ գյուղը 5000 տարվա պատմություն ունի։
Սամսոն Խոջոյանը, որ երկար տարիներ Բերդավանի դպրոցում պատմություն է դասավանդել, ասում է՝ դեռևս չճշտված որոշ գրավոր տեղեկությունների համաձայն Բերդավանը 5-րդ դարում արդեն եղել է։ Սակայն կոնկրետ վկայություն այս մասին չկա։
Բերդավան գյուղի պատմության լուռ վկան միջնադարյան Ղալինջաքար ամրոցն է, որը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել 17-րդ դարում։ Բերդի մասին գյուղում անգամ լեգենդներ կան տարածված։
«Ժողովրդի մեջ լեգենդի նման տարածված ա, որ ամրոցը կառուցվել ա Աշոտ Երկաթի կողմից, կամ նրա անվան հետ ա կապված։ Էդպիսի լեգենդներ կան, բայց իրականում ենթաադրում են, որ 12-րդ դարից ա։ Ամրոցը կոչվել ա Ղալինջաքար, հետագայում թուրքերն իրանց ձևով աղավաղել են, դարձրել Ղալաչայ։ Մի քանի մեկնաբանություններ կան Ղալաչա անվան շուրջ, մտածում են, որ «ղալա» նշանակում է բերդ, «չայ»-ը՝ ջուր։ Մտածում ենք, որ ջրի կողքին գտնվելու պարագայում էդ ձևով են անվանել։ Բայց ես անձամբ էն կարծիքին եմ, որ սկզբից եղել է ոչ թե Ղալաչայ, այլ Ղալաաչար, որ նշանակում է բերդ և բանալի», – հինավուրց ամրոցի անվան վարկածներն է բացատրում Սամսոն Խոջոյանը։
Գյուղի երիտասարդների համար այս ամրոցը հպարտանալու առիթ է։ Հյուրերին պարտադիր ամրոց են ուղեկցում, իրենք էլ շատ հաճախ են ամրոցի տարածք այցելում։ Լիլիթ Դավթյանը սովորում է Բերդավանի միջնակարգ դպրոցում։ Ասում է՝ իր ծննդավայրն անսահման շատ է սիրում և միշտ մասնակցում է մշակութային բոլոր միջոցառումներին։

Լիլիթ Դավթյանը
«Գյուղի երիտասարդությունը, նույնիսկ եթե սովորում են, ամռանը շատ հաճախ գալիս են գյուղ և օգնում են հասարակական աշխատանքներում։ Շատ հետաքրքիր մրցույթներ են անցկացվում կամ նոր ծրագրեր են գրում, մեզ համար օրինակ են ծառայում, որպեսզի մենք էլ հետագայում վերադառնանք գյուղ։ Ուզում եմ գնալ Երևան, սովորեմ, ու եթե հաջող ստացվի, անպայման կփորձեմ իմ գյուղի համար ինչ-որ մի լավ բան անեմ իմ գործով։ Անպայման կվերադառնամ, հաստատ չեմ մոռանա իմ գյուղը», – ասում է Լիլիթ Դավթյանը։
Բերդավանը մոտ 650 տնտեսություն ունի՝ 6000 բնակչով։ Նախկինում գյուղը տեղակայված է եղել հայտնի ամրոցի տարածքում և կոչվել է Թխաձոր։ 1800-ականների վերջերից արդեն բնակչությունը տեղափոխվել է գյուղի ներկա տարածք։ Մինչև խորհրդային կարգերի հաստատոմը տեղացիները գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ են զբաղվել։ Սամսոն Խոջոյանի խոսքով՝ Բերդավանից նույնպես արտագաղթ եղել է, բայց նաև եկվորներ են ունեցել, հիմնականում՝ Արցախից։

Սամսոն Խոջոյանը
«Մեր խոսվածքի վրա բավականին լուրջ ազդեցություն է ունեցել դա։ Ահագին բառեր կան, որ ասենք Լոռվա խոսվածքում միայն մեր գյուղում ու մեկ էլ Ղարաբաղի բարբառում կան էդ բառերը։ Շատ բառեր կան էդ ձևի։ Նույնիսկ կատակով ասում են, որ ղարաբաղցի դասախոսը, որպեսզի հասկանա՝ դիմացինը ղարաբաղցի ա, թե ոչ, ասում էր՝ գրի «տակռի երկու»։ Դե «տակռի»-ն արմատն է, որը երևանցին չի հասկանա», – ժպիտով պատմում է պատմության նախկին ուսուցիչը։
Բերդավանցիները հյուրասեր, աշխատասեր ու լավ մարդիկ են, պատմում է մեր զրուցակիցն ու նկատում նաև՝ հատկապես անկախությունից հետո մարդիկ փոքր-ինչ ծուլացել են։
«Էդ որ սկսեցին արտասահմանից տոպրակներով լոբի բերել, շատերը սկսեցին արդեն հույսը դնել ոչ թե իրանց վրա, այլ դրսից էկող օգնության վրա», – նշում է Սամսոն Խոջոյանը։
Ամեն դեպքում, գյուղը տվել է բազմաթիվ անվանիներ՝ բժիշկներ, մանկավարժներ, հայտնիներ ունեցել նաև արդարադատության ոլորտում և այլն։
Գյուղի գրադարանավարուհին՝ Աստղիկ Քառյանն ասում է, որ շատ ընթերցողներ ունեն։ Հատկապես, երբ գյուղատնտեսական աշխատանքները վերջանում են, գյուղի մարդիկ սկսում են ընթերցանությամբ զբաղվել։

Աստղիկ Քառյանը
«Գարնանը և աշնանը, որ եղանակը բարենպաստ է, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղվում, մեծամասամբ ձմռան օրերին են գիրք տանում, իրենց ազատ ժամանակը լրացնում ընթերցանությամբ», – պատմում է գրադարանավար Աստղիկ Քառյանը։
Ի դեպ, Բերդավանում ակտիվ է նաև մշակութային կյանքը։ Մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Ղազարյանն ասում է՝ բոլոր միջոցառումներին մեծից փոքր մասնակցում են։ Խմբակներ ունեն և՛ փոքրերի, և՛մեծահասկաների համար։ Օրինակ՝ կանանց խումբ ունեն, որն ազգային պարեր է սովորում։ Իսկ տարեցների համար մշակույթի տանը նաև ժամանցի կենտրոն է գործում։

Սիրանույշ Ղազարյանը
«Չնայած, որ մենք սահմանամերձ գյուղ ենք, բնակչությունը խիստ պասիվ է այն առումով, որ պատերազմներից հետո մեծ մասը հեռացել են գյուղից, բայց մնացածներն էլ ակտիվորեն մասնակցում են մշակութային եռուզեռին», – ասում է Բերդավանի մշակույթի տան տնօրեն Սիրանույշ Ղազարյանը։
Հիմա էլ ներկայացման առաջնախաղի են պատրաստվում։ Տարածաշրջանի 6 երեխաներ կներկայացնեն հայ հայտնի կանանց։ Սիրանույշ Ղազարյանի խոսքով՝ առաջնախաղը փակ է լինելու։