Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի սկզբնամասում տեղակայված Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին գոյության վերջին պայքարն է մղում բնության դեմ։ Առատ անձրևները վնասել են եկեղեցու տանիքը, պատերը։ Անձրևաջրերը հասել են անգամ եկեղեցու հիմքերին՝ առաջացնելով փլուզման վտանգ։ 

«Կիսաքանդ վիճակում ա կարելի է ասել։ Տարեցտարի անձրեւների հետ փլուզումն ա շատանում, ջրի կաթոցն ա շատանում, վերանորոգում չկա, գալիս են, նայում, խոստանում, մոռանում ու գնում», – ասում է Բենդիկի բնակիչ Վաղինակ Աղաբաբյանը։

Բնակիչների խոսքով սրբատեղի մտնելն անգամ վտանգավոր է։ Այլևս խուսափում են ներսում մոմ վառել։ Վտանգի մասին եկեղեցի այցելած զբոսաշրջիկներին էլ են տեղեկացրել։ Եկեղեցու տանքիը, որի վրա ծառեր ու թփեր  են աճել, քանդվում է։ Առաստաղից պարբերաբար քարեր են թափվում։

Բնակիչները մտավախություն ունեն, որ ընդարձակ սարալանջի վրա բազմած Բենդիկի  գեղեցկուհին երկար չի գոյատևի։ Հարկավոր է շտապ միջոցներ ձեռներկել այն նորոգելու համար։ Չէ որ այն պատմական ժառանգություն է, որ դարերով պահպանվել ու մեզ է հասել։

Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Հետագայում այն նորոգման մի շարք փուլեր է անցել, որի մասին  են վկայում մատուռի պատերին ագուցված խաչքարերը։

Վաչագան Աղաբաբյանը

«Մարդիկ, եթե գնում են Էջմիածին կամ Տաթև, շատերն էլ ի վիճակի չեն մեկնելու, այստեղ են գալիս։ Սա էլ մեր սրբատեղին է, մեզ համար էլ սա է թանկ», – ասում է Բենդիկի բնակիչ Վաչագան Աղաբաբյանը։

Եկեղեցու հորինվածքը բացառիկ է, այն երեք սրահից բաղկացած համակառույց է, որ կարելի է դասել եռանավ բազլիկ եկեղեցիների շարքը։ Պարզապես այստեղ նավերը ոչ թե բաժանված են սյուներով, այլ իրարից անջատված են խուլ պատերով։ Հետաքրքիր ևս մեկ փաստ կա մատուռի վերաբերյալ․ մուտքը դեպի մատուռ հարավից է, նախ մտնում ես հարավային սրահ, ապա նոր կենտրոնական։

Եկեղեցին տեղի բնակիչների համար ոչ միայն սրբատեղի է, այլ նաև միջոց՝ բնակավայրի պահպանման համար։ Մի քանի տարի առաջ անհայտ բարերարի օգնությամբ որոշակի բարեկարգումներ են այստեղ իրականացվել։ Մուտքի դուռն է  փոխվել, տարածքը մասնակի բարեկարգվել։ Անձրևները, սակայն, վնասել են նաև նոր բարեկարգված բակը։

«Էս մի հնությունն ա, որ մինև օրս կայուն ա, եթե չնորոգվեց, կարճ ժամանակ անց հնարավոր է, որ էլ չլինի», – ասում է Վաղինակ Աղաբաբյանը։

Բենդիկի եկեղեցու պահպանությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Նշված կառույցի Ալավերդու տարածաշրջանի պատասխանատու Կարեն Յոլչինյանն ասում է՝  խնդրի մասին տեղյակ են։ Եղել են Բենդիկում, գնահատել վնասը և  ներկայացրել նախարարության համապատասխան բաժին։ Նա հույս ունի, որ եկեղեցին մի օր կբարեկարգվի։

«Բենդիկ եկեղեցական համալիր, դիմացը գրված է՝ թաղածածկը վնասված է, այսինքն՝ տանիքն է վնասված, առկա է փլուզման վտանգ, ուղարկված է Երևան։ Եվ բոլորը ենթակա են վերանորոգման։ Թե հիմա ինչ ձևով և ոնց կանեն, ուշադրության կենտրոնում է։ Դա արդեն մեր իրավասությունից դուրս է։ փորձագիտական կոմիտե կա, նրանք են քննարկում էս տիպի հարցերը։ փորձում են լուծել, գիտեք՝ մեծ ֆինանսների հետ են կապված։ Եթե հովանավոր գտնվի, կարող են դիմել նախարարությանը», – ասում է Յոլչինյանը։

Ի դեպ՝ այս եկեղեցին միակը չէ, որ տուժել է առատ անձրևներից։ Հաղպատի, Սեդվու, Քոբայրի, Ախթալայի վանական համալիրները նույնպես լրացնում են այս շարքը։ Դրանք բոլորը ներառված են  հրատապ վերականգնման ենթակա եկեղեցիների  ցանկում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.