Մի փոքր էլ համբերություն ու խմելու ջուրը կհասնի Անտառամուտ: Գյուղի 120 տնտեսությունների ուղիղ կեսը ջուր չունի, օգտվում է աղբյուրներից:
«Հիմա, որտեղ մենք կանգնած ենք, չեն օգտվում, գյուղի առաջին թաղամասում, առաջին փողոցն ունի ջուր։ Էստեղ չկա, բայց կլինի», – ասում է Անտառամուտի վարչական ղեկավար Արայիկ Գևորգյանը։

Արայիկ Գևորգյանը
Անտառամուտցիներից շատերն արդեն չեն էլ հիշում, թե քանի տարի ջուր չունեն: «Վայ, ազիզ ջան, էդ հարցին չեմ կարա պատասխանեմ, թե քանի տարի ա կամ ինչքան ժամանակ ա», – նշում է գյուղացիներից մեկը։
«30 տարի ավել չենք ունեցել, էլի շուտ։ Հիմի նոր, բարով-խերով, երևի կունենանք։ Ով բնակելի ա, անբնակելի ա, լրիվ տալիս են։ Կետը դնում են, որ մարդիկ ասենք, եթե էսօր ստեղ չեն, վաղը, մյուս օրը գան, ջուր ունենան էլի», – նշում է Անտառամուտի բնակիչ Սարգիս Քոչարյանը։

Ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքները դեռևս 2016-ին են մեկնարկել՝գերմանական կառավարության ֆինանսավորմամբ:
«Ներքին ցանցը լրիվ փոխվում ա։ Նովոսելցովո մագիստրալից փոխված ա, հիմա գյուղի ներսում են փոխում, որ լրիվ նորմալ վիճակ լինի», – ասում է վարչական ղեկավարը։
«Արդեն 15 տարի ա՝ ջուր ենք կրում։ Հիմա հուսով ենք, որ գոնե մի ամիս կամ տասը օր հետո ջուրը մեր տուն կգա», – ասում է Անտառամուտի բնակիչ Ժաննա Ավետիքյանը։

Սարգիս Քոչարյանը
«Ջուրը կյանք ա, ամենաառաջին հարստությունն ա։ Ի՞նչ ա տալիս ջուրը։ Էսօր ջրի ու հողի հմար են սաղ պատերազմները։ Հողն ու ջուրն են ամենաթանկ բանը։ Թուրքն էսօր ինչի՞ հմար ա կռիվ անում՝ հողի ու ջրի», – ասում է Սարգիս Քոչարյանը։
Ընդհանուր առմամբ 6 կմ ջրային ցանց է կառուցելու շինարարական ընկերությունը, ծրագրի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:

Տիգրան Սաքանյանը
«Մեզ անձրևներն ա խանգարում, մեկ էլ ամբողջ գյուղը սալապատված ա, մեր տեխնիկաները չեն կարողանում աշխատել։ Հիմնականում մոլոտով ենք աշխատում։ Հազվադեպ տեղ, որ փափուկ տարածք ա գտնվում։ Հիմնականում դա ա դժվարությունը։ Մեր խնդիրը քարային ծածկույթներն են», – ասում է «Դորոժնիկ» ՍՊԸ աշխղեկ Տիգրան Սաքանյանը։
Անտառամուտում մեկնարկել են նաև ճանապարհաշինական աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրով տուֆով սալարկմամբ բարեկարգվում է առաջին փողոցի առաջին նրբանցքը։
«380 մետր ա էս փողոցը։ Մյուս տարի մյուս փողոցները կանենք, եթե սուբվենցիոն ծրագիր կարողանանք բերել», – նշում է վարչական ղեկավարը։

«Մի քիչ ոտներիս տակը չորացավ, մաքրվեց, դա ամենալավ բաներից մեկն ա։ Ոչ թե վատ, շատ վատ էր, ասելու չի», – ասում է գյուղացիներից մեկը։
«Որ ամբողջ գյուղը լինի, վաբշե լավը կլի։ Եթե ծրագրեր լինեն սենց գյուղերի համար, վատ կլի՞։ Պռոստ, որ կենտրոնական ճանապարհն էլ ըլնի, ավելի լավ կլի», – ասում է շինարար Կարո Երանոսյանը։
Խոսքը Վահագնի-Անտառամուտ 7 կիլոմետր խճապատ ճանապարհի մասին է: Հույս կա, որ հաջորդ տարի կլուծվի նաև գլխավոր խնդիրը: Ճանապարհից բացի էլի խնդիրներ կան։ Ասում ու թվարկում են:

Կարինե Հարությունյանը
«Տրանսպորտ չունենք։ Փոստը ինչ ա՝ լույսի փողը մուծելու համար մենք հասնում ենք Վահագնի։ Խանութ չկա, մի երկու հատ տներումը դրած խանութ ա, մեկ բան ա ըլնում, մեկ չի ըլում։ Ես Ծիլքարի աղջիկ եմ, էկել եմ ստեղ, բա եթե ջուրն էլ չունենամ, չբանացնեմ, ի՞նչ անեմ», – ասում է անտառամուտցի Կարինե Հարությունյանը։
Ջուրը շուտով կլինի, ասում է տիկին Կարինեն, որ այսուհետ նաև ջրի վարձ պիտի վճարի։ Ուրախ է, որ մշտական ջուր կունենան, բայց որ իրենց բնական աղբյուրների ջուրն ավելի համով է, կասկած չունի:
«Մեր էն ջուրն ավելի լավ էր, իմ ցանքն ավելի լավ էր աճում, քլոր չկար, ոչ մի բան։ Կոմպոտներն էլ էր համով ըլնում, հիմի քլորահամ ա գալիս։ Ով էր սենց բան տեսել։ Գյուղում հաշվիչ դնես, որ ջուր բանացնես։ Չէինք տեսել։ Հիմի ինչ ասես տենում ենք», – ասում է տիկին Կարինեն։