Բարեկամավանում խաղաղ է: Ադրբեջանական սահմանից մի կիլոմետր հեռու ու հակառակորդի երեք գյուղերով շրջապատված հայկական փոքրիկ գյուղում կրակոցներ վաղուց չեն լսել, բայց ոչ վաղ անցյալի կրակոցների հետքերը դեռ տան պատերին են:

Յուրիկ Չիթչյանը
«Էս ասկոլկեքի տեղերն են, տեսնում ե՞ս։ Էս էլ արաղի բոչկեն ա, հլա տես էս ինչ ա արել», – թշնամու կրակոցի՝ դեռ տասնամյակներ առաջ եղած հետքերն է ցույց տալիս Բարեկամավանի բնակիչ Յուրիկ Չիթչյանը։
Անկախ ամեն ինչից, ապահովության համար տան՝ հակառակորդի դիրքերին նայող լուսամուտները փակված են։ Ամուսինները զրկված են ցերեկային լույսից, բայց ոչ իրենց հողում ապրելու կամքից:
«Էս պատուհանները փակ ա էն օրից, մենք բնական լույս չենք տեսնում», – ասում է Յուրիկը։

Գյուղը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է, բայց չեն վախեցել ու չեն լքել պապենական օջախը: Թոռիկներից մեկը սահմանում, իրենք էլ իրենց հողում են ամուր կանգնած: 1990-ականներին՝ պատերազմական ծանր տարիներին, թշնամին գողեգող գյուղ էր գալիս, խաղաղ բնակչի մորթում, անասուն գողանում կամ առանց ժամուպատարագ կրակում։ Բարեկամավանցիներն ամեն դեպքում ճամպրուկները հավաքած էին պահում, հիմա գնալու տեղ ու միտք չունեն:
«Մեր անձնագիրը, անձնական իրերը ճամպրուկավորում էինք, որ հանկարծ մի բան լինի, դուրս գանք։ Բայց հիմա, երբ երկնքից են թափում, ստեղ լինեմ, թե՛ Երևանում, թե՛ Նոյեմբերյանում, որն է տարբերությունը», – ասում է Բարեկամավանի բնակիչ Անահիտը։

Տավուշում թշնամին լուռ է, բայց Արցախն է կրակի տակ, հազիվ լսելի ձայնով ասում է Յուրիկ պապը: Նենգ հակառակորդը չի խնայում ծեր ու մանուկ, իսկ մե՞նք։ Մենք արցախցուն մենակ ենք թողել, ասում է:
«Հերոս ժողովուրդ ա, մենակ էդ կասեմ։ Մենք լավը չենք, էս իրավիճակում էն ժողովրդին մենակ թողնելն էլ չի լինում։ Հաշվեցեք դո՛ւք եք, ե՛ս եմ, նա՛ ա։ Փոքր ժողովուրդ, մի քանի զինվոր, մի հսկայական երկիր՝ Թուրքիայից զինված ու անհավասար պայքար։ Նույն ժողովուրդն ենք, դարերով պայքարել ենք», – ասում է Յուրիկ Չիթչյանը։

Գյուղի կենտրոնում հավաքված Բարեկամավանցի տղամարդիկ խոսելու սիրտ ու տրամադրություն չունեն: Արցախում ցեղասպանություն է, աշխարհը լուռ է, իսկ իրենց կողմերում լռությունը փխրուն է, ասում է բարեկամավանցին:
«Ցանկացած ժամանակ, ցանկացած րոպե մենք սպասելու ենք, որ նրանք կկրակեն։ Բայց մեզ թույլ չեն տալիս, որ մենք կրակենք», – ասում է Բարեկամավանի բնակիչներից մեկը։
«Մեր հողն ա, ու՞ր գնանք», – հարցնում է Լուսինե Սարգսյանը։
Տիկին Լուսինեն տարիներ առաջ այդպես չէր մտածում: Ամեն կրակոցից հետո իրերն էր հավաքում։ Բանը հասավ անգամ նրան, որ վախից հիվանդացավ: Ամեն ինչ թողեց, անգամ գյուղի եկեղեցու բանալիները հանձնեց ու տեղափոխվեց Ռուսաստան: Հետո անբացատրելի մի երազ տեսավ, ասում է, ինչ որ հրաշքով վախերն էլ անցան հիվանդություններն էլ:

Լուսինե Սարգսյանը
«Ասի՝ պետք ա գնամ, ուժ եմ ստացել։ Ու էդ օրվանից ամուսնուս ասել եմ՝ արի ինձ տար, պետք ա բաց անեմ եկեղեցին։ Էդ ժամանակ գյուղում կանայք, էրեխեք չկային։ Էկել եմ, վախս կորել է», – ասում է Լուսինեն։
Վախերը հաղթահարված են, բայց հիմա էլ Արցախի ու արցախցու համար է սիրտը վախ ընկել: Արցախում թշնամու կրակի առաջ են 120 հազարից ավելի մեր հայերնակիցներ, որ աշխարհի ու սեփական ժողովրդի օգնության կարիքն ունեն, ասում են բարեկամավանցիները: Թեպետ այս օրերին իրենց մոտ խաղաղ է, բայց չգիտեն՝ ինչի սպասել։ Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնած գյուղը խորհրդային Հայաստանի շեն բնակավայրերից էր, բայց ավելի քան 200 տուն ունեցող գյուղը վերջին 30 տարիներին մաշվում ու մաշվում է արտագաղթից։