Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Մի թիզ հողում մի քանի տասնյակ ծառատեսակներ՝ արքայանարինջ, թուզ, ձմերուկ, դեղձ, խաղող և այդպես շարունակ: Տարածքը փոքր է՝ հառակորդի ուղիղ նշանառության տակ, բայց դա չի խանագարում, որ այգեգործի օրվա մեծ մասն այստեղ անցնի։ Ասում է՝ բոլոր ցավերի դարմանն է այգին, գալիս, աշխատում է, կտրվում օրվա ու աշխարհի թոհուբոհից:
«Պիտի աշխատենք էլի, որ սահմանի վրա սահմանը պահենք, եկամուտ ստանանք հողից, անասունից, մեղվից։ Ի՞նչ անես, էս սահմանամերձ հողը մերն ա, ցորենի դաշտ ա, բայց 92 թվականից էս կողմ չի մշակվում․ կրակում են։ կոմբայնի վրա կրակեցին, մեզ վրա կրակեցին, վիրավոր ունեցանք, թողեցինք, փախանք», – պատմում է Բաղանիսի բնակիչ Արմենակ Բայրամյանը։
Տավուշի հողն ու բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են, բայց շատերը, հատկապես երիտասարդները չեն ուզում աշխատել հողի հետ: Գյուղացուն խեղճացնում է ոռոգման խնդիրը։ Նախկինում այգիներով հարուստ Բաղանիսում հիմա մեկ-երկու խոշոր այգեգործ հազիվ կգտնես, ասում է պապը։

Արմենակ Բայրամյանը
«Շատերը թողել են, գնացել։ Դեռ 91 թվականին, ստեղ կռիվները որ սկսեցին, ՀԱԲ-ի ջոկատներն էկան, կռիվը սկսեցին, գնացին, գյուղից շատերը գնացին Ռուսաստան, էլ չեկան։ Հիմա էլ են գնում, գյուղում չեն մնում։ Մնան, ի՞նչ անեն։ Ստից հող մշակելով ու անասուն պահելով կլնի՞։ Գնում են Երևան, շինարարությունում աշխատում, չեն գալիս», – ասում է Բաղանիսի բնակիչը։
Բաղանիսի ղոչաղ պապը բազմափեշակ է, 73 տարեկանում 30 տարեկանի կյանք է վարում, հոգնել չունի։ Ի՞նչ հոգնելու մասին է խոսքը, երբ սահմաններում խաղաղ չէ,-մի խորը հոգոցով ասում է պապը։
«Գյուղացին անասնաբույժ էլ ա, հողագործ էլ ա, ամեն ինչ էլ ա։ Գյուղում պիտի հողով, անասունով, մեղվով զբաղվենք, ուրիշ ինչով զբաղվենք։ Պիտի, որ լավ ըլնի։ Էդ թզի ծառերը որ մեծանան, թուզը վաճառվող ա։ Մոտավորապես 100 թզի ծառ ա լինելու։ Քիչ չի, ահագին բերք կտա, լավը կլնի», – ասում է Արմենակ Բայրամյանը։

90-ակաների պատերազմին մասնակցած նախկին գյուղապետը լավ գիտի թշնամու նենգությունն ու դաժանությունը, ավելին՝ հետևանքները մինչ օրս իր մաշկի վրա է զգում։ Հիշում է՝ տունը ռմբակոծեցին, կինն ու երեխաները վիրավորում ստացան։ Ու հիմա չնայած երեխաները համոզում են թողնել տունն ու իրենց մոտ գնալ, պապը հավատարիմ է իր տանն ու սիրելի գյուղին:
«Երիտասարդ տղա ունեմ, ինստիտուտն ավարտել ա անցած տարի, ես էլ, կինս էլ հիվանդ ենք, կանչելու եմ, որ գա, գյուղում մնա, տներին տեր կանգնի, մեր հողամասին, ունեցվածքին տեր կանգնի», – նշում է բաղանիսցին։
Եթե ոռոգման խնդիրը լուծվի, գյուղի այգեգործները կընդլայնեն մշակովի տարածքները, նոր այգիներ կհիմնեն, նոր պտղատեսակներ կաճեցնեն, վստահեցնում է իմ զրուցակիցը։ Այնուամենայնիվ, պապն իր գործից ու կյանքից գոհ է , ավելին՝վստահեցնում է, որ այգեգործ լինելը նախարար լինելուց լավ է։