Լոռվա ծառուտները կանաչեղենի, արցախցի Վիկտորյան էլ երևակայության պակաս չունի: Ժենգյալով հացին անհրաժեշտ կանաչիների թվարկած ցանկը Լոռիում լրացված է, դեռ մի բան էլ՝ ավելին:

«Որ ման կյաս, կճարես։ Ինձ հարցրել են՝ բա ձեր Ղարաբաղի ժինգյալը ստեղ կա՞։ Ասում եմ, որ ման գաս, կգտնես, ամեն ինչ էլ կա։ Քարի մոստից անցնում եմ էն կողմ, ծմակ ա, քաղում եմ, «ծտի պաշար» մեկ-մեկ երևում ա, բանջար էլ ենք գցում մեջը», – պատմում է տիկին Վիկտորյան։
Արցախի բրենդը՝ ժենգյալով հացը, ստեփանակերտցի Վիկտորյայի՝ ալավերդցիներին մատուցելու ծրագրերը հավակնոտ են:
«Մի հատ կարենամ խանութ վերցնեմ, տեղում թխեմ, տեղում ծախեմ», – ասում է։

Բարակ խմորից, 20 տեսակից ավելի կանաչիներից ժենգյալով հաց թխելու արցախցի բաբոյի խորհուրդներն օգնում են կորսված հայրենիքի կարոտն առնել ու սովորել նոր կյանքով ապրել:
«Սիրելով եմ անում, հենց նենց չեմ անում։ Եթե չսիրեմ, ոչ մեկը չի կարա ասի՝ արա։ Հիշում եմ՝ ոնց էի ժենգյալը քաղում, բերում, թխում, հաճույքով հյուրասիրում հարևաններին։ Ասում ա՝ Վիկա, դու բարակ ես թխում, ուզում եմ թխածդ ուտեմ։ Ալավերդցին չի հասկանում՝ ժենգյալով հացն ինչ ա։ Որ հասկանան, կառնեն։ Բայց դե չես կարա ստիպես։ Օրինակ մի բանը, որ ես էլ կերած չեմ լինում, չեմ կարա ուտեմ», – ասում է արցախցի կինը։
Գրտնակի համաչափ շարժումներից ժենգյալով հացի խմորն էլ բարակում է, ինչպես որ արցախցի կնոջ սիրտը՝ հայրենիքի ու տան կարոտից: Տունն ու դուռը լիքը թշնամուն թողած՝ վերջին օրն են լքել Արցախը՝ մինչև վերջին պահը հույս ունենալով, որ պատերազմն ու գաղթը կկանգնեն։ Բայց թշնամին արդեն Ստեփանակերտում էր:

«Արդեն էն իններորդ դպրոցում թուրքերը մտած էին, համարյա հայ չկար, սաղ դուրս էին եկել։ Կրկժանաում հայ չկար, սաղ դուրս էին էկել էդտեղից։ Ես դուրս եմ էկել էն վախտ, որ մեզանից մի քիչ ներքև ավտոմատով կռվում էին արդեն», – պատմում է Վիկտորյան։
Ընտանիքն Ալավերդի է տեղափոխվել, քանի որ տիկին Վիկտորյայի հարսն է այս կողմերից ու դեռ 44-օրյա պատերազմի ժամանակից սիրել են քաղաքն ու մարդկանց: Ապրում ենք նոր իրականությունում՝ հնին հրաժեշտ չենք տվել, ասում է։
«Կարելի ա ասել՝ ինձ համար ամեն տեղ հեշտ ա հարմարվելը, բայց հլա չեմ հարմարվել, չգիտեմ․․․ Ինձ թվում ա, թե երազ ա, ու մենք հետ ենք գնալու»։
Տիկին Վիկտորյան Մարտունու շրջանի Հացի գյուղից է, մասնագիտությամբ դերձակ, որն անգործ նստել չի կարողանում: Արցախում, Ստեփանակերտում էլ հանգիստ չէր նստում։ Սեպտեմբերի 19-ին՝չարաբաստիկ օրն էլ, աղջկա հետ Ստեփանակերտից ոչ հեռու անտառներում էր:
«Առաջին անգամ, որ խփեցին, չէինք հավատում, որ կարող ա կռիվ լինի։ Երկորրդ անգամ, որ խփեցին, աղջիկս գոռում ա՝ վայ, մամա, էրեխեքս։ Բայց ոտքերս չէին գնում, չէի կարում առաջ գնամ։ Ամբողջ օրը մինչև իրիկուն խփեցին, հաջորդ առավոտն էլ։ Հետո գնացել, շորեր եմ վերցրել, ասի՝ կարող ա մեզ էստեղից տանեն», – հիշում է։
Կես տարի ու մի բան էլ ավելի Վիկտորյայի ձեռքերը ժենգյալով հաց չէին պատրաստել․ այլուր չկար, ասում է: Ասում ու երանությամբ է հիշում շրջափակումն ու ծանր օրերը, որ հայրենիքում են տեսել:

«Հերթ էինք կանգնում, բայց սիրով։ Չէինք ուզում դուրս գալ Արցախից, վերջին պահերին էլ ոնց որ ուզենաս մնաս քո հողում։ Մեր Արցախն ուրիշ ա։ Ես ընդհանրապես չեմ պատկերացրել, որ ռուսը էնտեղ, կարա կռիվ լինի։ Երազում եմ, որ մեր Արցախը վերադարձնենք, կռիվ չլինի, մեր էրեխեքը մեղք են։ »
Վիկտորյայի հայաստանյան ծրագրերն առայժմ երեքն են։ Առաջինը թոռներին հնարովորինս շուտ տեսնելն ու կարոտն առնելն է, ավելի մեծ թավա ձեռքբերելը՝ մեծ ժենգյալներ թխելու համար ու մեկ էլ ալավերդցիներին ժենգյալ ուտել սովորեցնելը:
Ալավերդիում տանիք գտած ընտանիքն ապրելու միջոցներ է փնտրում։ Առայժմ գտնվածը ժենգյալով հացերի պատրաստումն ու վաճառքն է, մնացածը՝ալավերդիցներից է կախված, ասում է արցախցի կինը: