Արդեն երկար ամիսներ Այգեհատ-Արդվի ճանապարհով երթևեկողները զարմանքով դիտում են նորահայտ ծառերով զարմանալի այգին ու փորձում եզրահանգումներ անել, թե ինչ ծառ է։ Գնահատականները տարբեր են՝ կաղնի, շագանակենի կամ արտասահմանյան ընկուզենի։ Արտասահմանից Լոռի հասած այս հյուրը Պավլովնիա ծառն է, որը անվանում են նաև ապագայի ծառ։ Գրեթե մեկ տարեկան է։ Ինչպես տեղացիներն են ասում՝ Արդվու արտասահմանյան այգին է, որը տարածքում առաջինն է և միակը: Մեծ կենսազանգված կուտակող ծառատեսակ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով, հաստ ճյուղերով։ Համարվում է տեխնիկական բուսատեսակ։ Հայրենիքը Չինաստանն է։ Հայաստանում աճեցման հիմնական հետաքրքրությունը բնափայտն է, ասում է այգու սեփականատերը։

Արթուր Կոստանդյանը
«Երկու ընկերներով որոշեցինք, որ ինչ-որ հետաքրքիր բան անենք։ Սերմից աճեցրել ենք։ Ուղղակի մի քիչ դժվար էր պրոցեսը, որոշեցինք առնել փոքր ծառերը։ Մենք իրացումը հաշվել ենք սովորական տախտակի գնով։ Հետո ինչքան ավելի շատ պահանջարկ կլինի, ավելի կշատացնենք», – ասում է այգու հիմնադիր Արթուր Կոստանդյանը։
Բացի որակյալ շինանյութից՝ պավլովնիան նաև այլ կիրառություն ունի․ ծառի սերմերի մեջ կուտակվող յուղն օգտագործվում է թղթի վերամշակման, լաքապատման մեջ, իսկ բնափայտը Հայաստանում կիրառվում է հիմնականում կահույքագործության մեջ, հարմար է ձկնորսական փայտեր կամ երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Ռիսկերը, որ մշակությունը արդյունավետ չի լինի, գրեթե չկան, հիմնական պահանջը ջրի առատությունն է։

«Դժվար բույս ա, խնամելը դժվար ա։ Պարտադիր ուժեղ խնամք ա ուզում ինքը։ Ջուրը իրա տակին ծորակային ա, շատ սիրում ա ջուրը ու միշտ ստանում ա։ Դեռ չգիտենք էլ՝ 10 տարի հետո ոնց կլինի, բայց մենք անում ենք», – նշում է Կոստանդյանը։
Մեկ տարի առաջ երկու ընկերներով որոշում են և հիմնում են այգին։ Այսօր 1 հեկտար հողում շուրջ 600 տնկի կա, սակայն հետագայում նպատակները է՛լ ավելի մեծ են․ որոշել են ոչ միայն պավլովնիա ծառատեսակ, այլ նաև պտղատու այգիներ հիմնել։
«Էս տարի վերևում ուրիշ ծառեր ենք ցանելու։ Դրանք արդեն բերքատու ծառեր կլինեն։ Աշխատելու ենք՝ էդ տարածքը լրիվ ցանենք», – ասում է այգետերը։
Տարածաշրջանի համար անսովոր այս ծառատեսակը հնարավոր է, որ վարակիչ լինի գյուղացիների համար, ասում է սեփականատերը: Նշենք նաև, որ այգում գրեթե միշտ աշխատանք կա, այսինքն կարելի է ասել, որ մշակությունը նաև աշխատատեղի հնարավորություն է տարածաշրջանի բնակիչների համար։

«Խոտերը մաքրել, փխրեցնել, տերևները մաքրել, դեղեր փչել, սնուցում տալ, ջրերին հետևել։ Ընդհանուր մի հեկտարի մեջ պարտադիր ամեն օր մարդ ա լինում», – ասում է Արթուր Կոստանդյանը։
Աշխատանքը շատ է, ուշադրությունը՝ մեծ, բայց արդյունքը ուշացնել չի տա, վստահեցնում է։ Սպառման խնդիր էլ չեն ունենալու, հետագայում մտադիր են նաև փայտի վերամշակման արտադրամաս տեղում բացել: