Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Արման Տիտանյան

Ալավերդու համայանքապետարանում կայացավ Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը։

Օրակագում 14 հարց էր: Առաջինով ավագանու անդամները հաստատեցին օրակարգը: Երկրորդ հարցով ներկայացվեց 2023 թվականի համայնքի բյուջեի առաջին եռամսյակային հաշվետվությունը և ընթացիկ  տարվա աշխատանքային պլանը։

«Ֆոնդային բյուջեի մասով եկամուտները կազմել են 204 մլն 421 հազար դրամ։ Հաշվետու ժամանակահատվածի բյուջեի ծախսերը կազմել են ընդամենը 515 մլն 392 հազար 600 դրամ, որից վարչական բյուջեի ծախսերը 403 մլն 229 հազար դրամ է։ Օրենսդիր և գործադիր մարմինների ծախսերը 68 մլն 138 հազար դրամ է», – համայնքային բյուջեի ծախսերը ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսների բաժնի պետ Սեյրան Թորոսյանը։

Սեյրան Թորոսյանը

Ներկայացված եկամուտների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն իրենց մտահոգությունները ներկայացրին ընդանուր եկամուտների բազային տվյալների մուտքագրման վերաբերյալ։

«Լավ, հարցս սենց միանգամից տամ՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ էս ընթացքում ինչ-որ գործունեություն ծավալողներ վճարում իրականացրած չլինեն», – ասաց ՔՊ ավագանու անդամ Հարություն Ձավարյանը։

Համայնքապետ Արկադի Թամազյանը պատասխանեց՝ ասելով․

«Կարա և տենց խնդիր լինի, գիտեք տեղական տուրքերի հետ կապված խնդիրներ առաջացավ էն համայնքներում, որտեղ նախկինում վճարները քիչ են եղել, բնակիչներ էղան, որոնք մտածում էին՝ չեն վճարելու, հետո սկսեցին վճարել։ Բայց կան դեռևս հարցեր վարչական ղեկավարների հետ կապված, հիմա քննարկվում են էդ հարցերը։ Գանք նրան, որ եթե վճարում չկատարվի, կիրառվեն նաև տուգանքներ»։

Օրակարգի երրորդ կետով էլ ավագանու անդամները հաստատեցին սույն տարվա աշխատանքային պլանը, որի մեջ ներառված էին ՄԱԿ-ի զարգացման կայուն գործառույթները։

Սիմոն Զախարովը

«Ինձ հետաքրքրում է՝ Ալավերդի համայնքի համար, բացի բազմաբնակարան շենքերի վերանորոգում և ջերմաարդիականացում անելուց ուրիշ բան չի նախատեսվու՞մ։ Իհարկե ողջունելի է ասենք խաղահրապարակներ սարքել Ախթալա, Ճոճկան, Նեղոց, Շնող, իսկ Ալավերդու մասին ինչու՞ ոչ մի տող չկա», – հարցրեց ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սիմոն Զախարովը։

«2023 թվականին Ալավերդու մասով ծրագրեր ունենք, խոսքը վերաբերում է 6-րդ մանկապարտեզին, Պիոներ պալատին, խոսքը վերաբերում է ասֆալտապատման ու բազմաթիվ էլի նմանատիպ ծրագրեր ունենք», – պարզաբանեց համայնքի ղեկավարը։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև համայնքային տրանսպորտի հետ կապված խնդիրները և դրանց լուծման ենթադրելի ճանապարհները։

«Երրորդ կետի 11-րդ հարցի հետ կապված՝ տրանսպորտի, ի՞նչ ա մտածում համայնքը», – հարց ուղղեց Հարություն Ձավարյանը, որին ի պատասխան Արկադի Թամազյանն ասաց․

Արկադի Թամազյանը

«Ուղիղ ասեմ, մարզային ենթակայության տակ ա գտնվել սպասարկումը, եթե խոսքը վերաբերում ա գյուղերին, դրանից հետո մարզայինը հանձնվել ա կառավարությանը՝ Տարածքային զարգացման նախարարությանը, և տարածքային զարգացման նախարարությունն ա սպասարկումը կատարում, համայնքը էստեղ որպես այդպիսին անելիք չունի,եթե վերաբերում ա գյուղերին»։

Ինչևէ, ավագանին 14 կողմ ձայնով հաստատեց բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվությունը՝ հաստատելով նաև Ալավերդի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը։

Ավագանու նիստի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ կետերը վերաբերում էին Շնողի «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրենի աշխատավարձի չափի մեջ փոփոխություններ կատարելուն, համայնքային գույք հանդիսացող հենասյուները տրամադրելու համար վճար սահմանելուն, համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելուն։

«Երևի տեղյակ եք, որ անցած նիստին մենք սոցիալական օգնությունների դիմումը չէինք ներառել, բայց այս նիստին ստիպված ենք, որովհետև քանակը ավելացել ա։ Էս հարցը շատ լուրջ ա, գնալով աճում ա սոցօգնությունների դիմումները», – ասաց համայնքի ղեկավարը։

Քննարկվեցին նաև այլ հարցեր:

Վերջում  օրակարգից դուրս ավագանու անդամների և համայնքապետի միջև ընթացան  բուռն քննարկումներ՝ կապված վերջին շրջանում  հանրության մեջ լայն տարածում գտած խոսակցությունների շուրջ, որն է՝ ճոպանուղու հնարավոր շահագործումը, համայնքի ակտիվ գործունեությունը վերջինիս վերաբերյալ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.