Ընթանում է Մ6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը։ 27 կիլոմետր ճանապարհահատվածի՝ 17 կիլոմետրի վրա կատարվում են հողային աշխատանքներ։ Շինարարը բաց է թողել Մ6 –Մարց հատվածը, քանի որ Մարց ՀԷԿ-ի՝ ճանապարհի կողքով անցնող խողովակների տեղափոխման հարցը դեռ քննարկումների փուլում է:

Տիգրան Հովհաննիսյանը

«17 կիլոմետրի վրա ՀԷԿ-ին խանգարող ոչինչ չկա, մենք սկսել ենք էդ հատվածներից, մինչև խանգարող հատվածներ։ Գործը արագ կլինի, քանի որ վերջից ենք սկսել», – ասում է ԵվրոասֆալտՍՊԸ տեղամասի պատասխանատու Տիգրան Հովհաննիսյանը։

Նշված 17 կիլոմետրում՝ այսինքն Աթան- Մարց հատվածում հողային աշխատանքներն ավարտական փուլում են: Որոշ հատվածներում ճանապարհի փլվածքի պատճառով նախագծով նախատեսված են հենապատերի կառուցում: Լորուտի հատվածում կառուցվող հենապատերից մեկը 100 մետր երկարություն ունի:

«Տարբեր հատվածներում ունենք հենապատերի սվաղի վերանորոգում, բայց հիմնանորոգում որպես այդպիսին երեք հատվածներում ունենք», – նշում է Հովհաննիսյանը։

Հողային աշխատանքները գրեթե 80 տոկոսով ավարտված են, օրեր անց կտեղադրվի ասֆալտի առաջին շերտը:

«Ծրագրում ենք, որ սկսենք ասֆալտապատման աշխատանքները։ Բայց ինչքան կհասցնենք, դա արդեն եղանակից է կախված։ Հիմքի շերտերն արդեն սկսում ենք տեղադրել, ավազակոպճային շերտով հատված արդեն 7-8 կիլոմետրի չափով ունենք։ Ձմեռն էլ եթե թույլ տա, հողային աշխատանքները կշարունակենք մինչև մայրուղի», – ասում է տեղամասի պատասխանատուն։

Այս պահին աշխատանքները հիմնականում կատարվում են Լորուտ և Շամուտ բնակավայրերի մոտ։ Բացի Մ6-ից Աթան տանող ճանապարհից, հիմնանորոգվելու են նաև դեպի հարակից 4 գյուղեր՝ Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր տանող ճանապարհները։ Մարցն ու Քարինջն արդեն ասֆալտապատ ճանապարհներ ունեն:

Հիմնանորոգումը կնպաստի բնակավայրերի զարգացմանը, գյուղմթերքի՝ ավելի հեշտ իրացմանը, կզարգանա զբոսաշրջությունը և որ ամենակարևորն է՝ այս գյուղերից արտագաղթի տեմպերը կնվազեն, այդպես մտածում են շատերը:

«Գյուղերը չեն դատարկվի։ Այսինքն, եթե մի մարդ ցանկանա աշխատելու, ընդամենը տեւում ա 35-40 րոպե, կարող է գնալ Վանաձորում աշխատել, հետ գալ։ Կամ գյուղմթերքը ռեալիզացնելու համար արդեն ավելի հեշտ կլինի։ Քանի որ տաքսին ավելի մեծ ումար էր վերցնում մարդկանց տղափոխելու համար։ Հիմա բնականաբար քիչ կվերցնի։ Կոմունիակցիաների բարեկարգումը ո՞նց կարա առավելություն չլինի», – ասում է Քարինջի բնակիչներից մեկը։

Հիմնանորոգման ծրագրով նախատեսված է ասֆալտ-բետոնե երկշերտ ծածկ: Հիշեցնենք, որ հիմնանորոգման գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.