«Առանց Արցախ չկա Հայաստան», «Գոյության պայքար» և այլ գրություններով պաստառներ ու վեր պարզած Ացախի դրոշներ։ Վանաձորում մի խումբ երիտասարդներ ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի։

Նրանք Արցախ պուրակից շարժվեցին դեպի Համերաշխության պուրակ, որտեղ 44-օրյա պատերազմում նահատակված վանաձորցիների լուսանկարներով հուշատախտակ է տեղադրված։ Այստեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, ապա աղոթք բարձրացրին և վերադարձան Արցախ պուրակ։

Երթի մասնակիցները «Արցախ» վանկարկումներով պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ աղետի մեջ գտնվող արցախահայությանն  օգնելու համար։ Նրանք նաև կոչ էին անում միանալ իրենց։

Պայքարում ենք հայ ազգի գոյության համար և ուզում ենք կանխել երկրորդ ցեղասպանությունը, – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Սեդա Սուքիասյանը

«Բոլորս գիտենք, որ առանց Արցախ չկա Հայաստան։ Արցախը մեր դարպասն է, որից հետո լինելու է Սյունիքը։ Ինչու գոյության պայքար, որովհետեւ մենք հենց հիմա ոչ թե պայքարում ենք քաղաքական ուժերի համար, այլ հայ ազգի գոյության համար», – ասում է ակցիայի մասնակից Սեդա Սուքիասյանը։

Երթի կազմակերպիչները սեպտեմբերի 25-ին էլ նույն պահանջով հավաքվելու են Արցախ պուրակում։ Նրանք հորդորում են  միանալ իրենց։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.