Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Ապրիլի 24-ին Ալավերդիում ևս ոգեկոչեցին 108 տարի առաջ թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ նահատակների հիշատակը։ Վաղ առավոտից դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի մարդկանց հոսքը չի դադարում։
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին կատարվեց բարեխոսական կարգ։
Եկեղեցու բակից ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան։

Ավանդույթի համաձայն ի հիշատակ անմեղ նահատակների ներկաները ծաղիկներ խոնհարեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Մարդկության դեմ իրականացված այս ոճիրը հրեշավոր հանցագործություն էր՝ իր նպատակներով, իրականացման մեթոդներով, մասշտաբներով և հետևանքներով։ Ու ապրիլի 24-ը ոչ մի հայի հիշողության և պատմության էջերից չի կարող ջնջվել։ Հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցածը կոչեց «Մեծ Եղեռն»՝ այս արտահայտության մեջ ամփոփելով շուրջ 1,5 միլիոն մարդու ճակատագիր։ Մենք հիմա, ավելի քան երբևէ, պետք է հզորանանք, միասնական դառնանք և թույլ չտանք ոճրագործին երկրորդ անգամ ցեղասպանություն գործել, քանզի նրա նպատակները և քայլերը, ինչպես 1915 թվականին, ներկայում էլ դրան են ուղղված, ասում է Էդուարդ Շահվերդյանը։

Էդուարդ Շահվերդյանը
«1915 թվի Ցեղասպանությունը և դրանից էլ առաջ սուլթան համիդյան ջարդերը մեր հիշողությունից չեն ջնջվում, ինչքան էլ որ ներսի և դրսի ուժերն ուզեն այն վերացնել տալ, այնուամենայնիվ հայ ժողովուրդը տոկուն է», – հավելեց Շահվերդյանը։
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս որպես պահանջատեր, որ ողջ աշխարհը ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը, որ մի ամբողջ ազգ փորձեցին ոչնչացնել։ Պետք է լինել պահանջատեր, որովհետև այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը թուք շան կողմից։ Պետք է պահանջատեր լինենք, որպեսզի նույն արհավիրքը չկրկնվի», – ասում է Սարգիս Ալեքսանյանը։

Աստղիկ Դարչինյանը
«Հիշում ենք, պահանջատեր ենք, բայց որքանով է դրան արձագանքում ամբողջ մարդկությունը, աշխարհը։ Ճիշտն ասած, տեսնելով ամբողջ աշխարհի անտարբերությունը, ոչ մեկը չի արձագանքում մեր ցավին, ինչքան էլ որ անցնեն տարիներ։ Սակայն իրականում մենք պարտավոր ենք մեր նոր սերնդին բացատրել, պատմել, հիշեցնել, որ նրանք նույնպես պահանջատեր լինեն և հայոց ուխտը փոխանցեն հաջորդ սերունդներին», – ասում է Աստղիկ Դարչինյանը։
Հայ դատի արդար պահանջով ալավերդցիներն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ հուշարձան են եկել, եկել են ոգեկոչելու զոհերի հիշատակը։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Հայ ժողովուրդը շարունակում է ներկայացնել հայ դատի իր արդար պահանջը այնքան, մինչև ոճրագործը ճանաչի ցեղասպանության իրողությունը։