Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան իմաստասեր Օձնեցու ննջման և հիշատակի օրն է։ Այն հռչակված է համաթեմական ուխտագնացության օր։ Օրվա կապակցությամբ Գուգարաց թեմի հոգևոր դասը Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց:

«Ոխտը պետք է բոլորով պահել ու նպատակով պահել, աղոթել մեր զինվորների համար, որ սահմանը ամուր լինի։ Այս պահին ես զինվոր ունեմ, և իրա ծննդյան օրն է այսօր», – ասում է ուխտի մասնակից Ալլա Մելիքսեթյանը։
Ապա ուխտավորները շարժվեցին դեպի Արդվու Սուրբ Հովհաննես եկեցեցի, որտեղ էլ կատարվեց հիշատակի արարողություն։

«Մենք ունենում ենք աղոթք, ամեն մեկն անհատական, և մեր աղոթքը բարձրացնում ենք Աստծո տներից, մեր նշանավոր սրբավայրերում, որ ուխտ ենք դնում այստեղից, այս եկեղեցում, և գնանք և մեր աղոթքը վեր առաքենք առ Աստված», – ասում է Օձունի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Շահվերդյանը։
Օձնեցու ուխտի օրը նշվում է դարեր շարունակ, և այն ամենամեծ ուխտագնացությունն է համարվում։ Գուգարաց աշխարհի միակ Սուրբ կաթողիկոս Հովհան իմաստասեր Օձնեցին հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին։ Նրա ծննդյան ստույգ թվականն անհայտ է, թաղված է Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում։

«Ուխտագնացությունը մեկ այլ յուրահատուկ իրականություն է, ճանապարհ է առ Աստված, երբ որ մենք ընտրում ենք կամ նախապես որոշված սրբավայրի ենք մոտենում, քայլում ենք ոտքով, և սրանով նաև մեր նվիրումն է արտահայտվում առ Աստված, Էն սրբավայրերը, էն եկեղեցիները, որտեղ կան սրբերի մասունքներ, որ շատ կարևոր հարստություն են մեզ համար։ Եվ պատրաստվելը պիտի լինի ամեն մեկի ներքին, հոգևոր մի պատրաստության շրջան՝ պատկերացնելու համար, թե ուր ենք մոտենում», – ուխտագնացության խորհուրդն է բացատրում հոգևոր հովիվը։
Արդվու եկեղեցու բակում ուխտավորներ կան Հայաստանի տարբեր անկյուններից։ Լևոն Իսրայելյանը, որ Երևանից է եկել, ասում է՝ ուխտագնացության իր հիմական նպատակը հոգևոր արժեքներին մոտ լինելն է։ Սա առաջին անգամը չէ, որ նա մասնակցում է այս տոնակատարությանը։

«Ուխտագնացության իմաստը հետևյալն է, ոնց որ հատուկ էդ օրն առանձնացնես՝ գալով սրբավայր, սրբի մոտ, քանզի սրբությունը վաստակվում է, և ոչ թե տրվում։ Իսկ ինքը վաստակել է իր մաքրությունը, իր սրբությունը։ Հետևաբար, Աստվածաշնչի համաձայն, նա, ով Աստծուն մաքուր ծառայել է, հետևաբար իր կյանքն էլ ավելի ճիշտ կլինի», – ասում է Լևոն Իսրայելյանը։
«Մեր հայ ազգին խաղաղություն, երջանկություն, ուրախություն։ Փրկություն գտնի հայ ազգը խաղաղ երկնքի տակ, համայն աշխարհը խաղաղվի», – ասում է ուխտավոր Արուսյակ Մելոյանը։
Ավանդույթի համաձայն արարողության ավարտին եկեղեցու խաչքավորները օրհնված ուխտի մատաղ բաժանեցի հավատացյալներին: