Գառնարած Սեթոյի ոչխարները խելոք են, իսկը՝ գայլերի սրտով: Մառախուղը կապում է, չոբանի սիրտը սև անում: Քանի-քանի անգամ են անտերները հաջողացրել, մտել հոտն ու իրենց սև գործն արել: Բայց չոբան Սեթոն անվախ է:

«Այ քու տունը շինվի, գելն էտ ով ա, դուս գա, հլա տես՝ ինչ եմ անում, ինչ ձևի ա խախչում։  Չորս ոտն ունի, չորսն էլ ուրիշիցն ա փոխ առնում ու ձոխչում։ Էնա մի նհե ձեն հանում եմ, որ վապշե փախչում ա։ Էս վերջերն էլ գնացել էի մասուրի, արջը դուս էկավ, գոռալով փախա։ Դե որ մոտ չես գալի, բան չի անում, նենց որ, էկել ա մի չորս-հինգ անգամ նապադենիա ա արել, բայց չի կարացել տանի», – պատմում է Սեդրակ Վանեսյանը։

Չոբան Սեթոն տեղից էլ ռոմանտիկ մարդ է։ Արջի հետ ահասարսուռ գոտեմարտերի պատմությունները վիպականացնում, դարձնում է մի-մի ստեղծագործություն։ Բայց դա իրենից չի՝ մաթևոսյանական ծմակուտը անկախ իրենից  մտքեր է բերում, նաև հիշեցնում սիրեցյալներին ու անցած-գնացած օրերը:

«Տարիներս կգան, կանցնեն ու կգնան, բայց սիրո հուշերը անվերջ կմնան։ Տարիներ շարունակ կմնամ ես միայնակ, բայց քո սիրո համբույրները շուրթերիս կմնան»։

Ծմակուտի ամեն մի անկյունը, կածանների ամեն մի շրջադարձից բացվող տեսարանը Սեդրակ պապի պոետիկ հոգին պատկերավորել է ուզում, բայց էդ անտեր մուսան էլ հակառակի նման սոված ժամանակ է գալիս: Թուղթ ու գրիչ չի պահում, հորինվածքները թղթին տալու սովորություն չունի, ամեն ինչ մտքում պահելու տաղանդ ունի:

«Մի հատ մարդի մոտ գնացի աշխատելու, լորուտեցի ա, պոշոլանց Աշոտ են ասում։ Էդ մարդն ասավ ձմեռը 30.000 դրամ կտամ, մեկ էլ հացուջուր, ես գնում եմ Ռուսաստան, գնաց .. մի 15 օր զոքանչը հացուջուր արավ ու քոչեց Լորուտ։ Ո՛չ հաց բերող կար, ո՛չ ջուր բերող։ Հմի տես՝ ինչ եմ հորինել, էնքան սոված մնացել եմ։ Գրել եմ՝ պոշոլանց գոմի դուռը բաց էր, տավարածությունը շամուտեցի Սեթոյին վստահված էր, կովերից մինը հանդումը մահացել ա, պոշոլն էլ Ռուսաստանում իմացել ա, Սեթոյին տուն գնալն արգելել ա, աշխատավարձ տալն էլ վերացել ա․․․» ։

Բայց ձեռնաբաց անասնատերեր էլ ունի չոբան Սեթոն։ Վերջինը ակորդեոն է նվիրել, նաև ավտոմեքենա, որի ղեկին նստելու ժամանակ չի ունենում։

«Դե ես երաժշտություն սիրում եմ։ Էդ մեծահարուստնին իմ համար մի ակորդեոն են առել, բերել ծնունդիս։ Կամ ես խո նրան ասել չեմ՝ ինձ ավտո տու։ Հմի էլ ասել ա՝ իմ հմար ուրիշ ավտո տեմ առնի, էս վիլիսն էլ տեմ տա քեզ», – պատմում է Սեդրակ Վանեսյանը։

Բայց ամենակարևորն էն է, որ նոր անասնատերերը Սեթոյին սոված չեն թողնում։ Էն երբ էր, հա, որ կոլտնտեսության հոտից ահնիձորցի հովիվները Ռևազի մի ոչխարը կերան, միլիցոներին էլ ասին՝ երկուսն էլ դեռ պիտի ուտենք։ Ասին ու գնացին, հինգ տարի նստեցին։ Հիմի ազատ ժամանակներ են, հեյ գիտի, հա՜, թե քանի ոչխար միայն էս տարի է մորթել։

Չոբան Սեթոն ինքն էլ առատաձեռն մարդ է։ 200-ից ավելի հոտի մեջ իր ոչխարները 10-ից չեն անցնում: Դանակը միշտ գրպանում է, պատահած մարդու պատվին սեղան է բացում, մի գառ մորթում, նոր մարդկանց հետ ծանոթանում, պատիվ, հարգանք ձեռքբերում ձորերում: Քաղաքներում մարդկությունը, հարգանքը քիչ-քիչ վերանում են, իսկ էստեղ՝ Ծմակուտում, մարդիկ սրտաբաց են, հարեհաս, ասում է:

«Ես, օրինակ, իմ չոբան հալովը էս ճամփա սարքողների հմար տարել եմ, խոզ եմ մորթել, պատիվ արել։ Մեր կողմի ժողովուրդը աղուհացով են, ուրիշին չգիտեմ, բայց ես սաղ կյանքս սիրել եմ մարդկանց լավ բան անեմ, որ մեռնելուց հետո ուշունց տվող չըլի, ասեն օղորմի էն մարդուն, լավ մարդ էր։ Իմ մոտ տհենց ա, ուրիշներին չգիտեմ։ Ես չարչարվում եմ, սաղին լավություն անեմ։ Տուրիստներ կային, պալատկում մնում էին։ Տղեն ամերիկացի էր, աղջիկը՝ երևանցի։ Ուրմեն ինձ հետ էնքան լավ էին, էս քանի օրը էկել են, հատուկ ինձ տեսել ու գնացել։ Ման են էկել, տեսել՝ ոչխարը որդի եմ արածացնում, էկան, մի հատ էլ Աստվածաշունչ տվին», – հպարտությամբ պատմում է հովիվը։

Շուտով ձյունը կգա ու կփակիՄոտկորը, չոբանն էլ տուն կնստի, բայց դրանից օգուտ չկա, ասում է, հակառակը՝ եղած ու չեղած հիվանդություններն են գլուխ բարձրացնելու, իրեն էլ Ծմակուտի կարոտն է տանջելու:

«Որ օրը չոբան չեմ գալիս, սաղ ջանս ցավում ա, որ օրը չոբան եմ գալիս, լավ եմ զգում։ Ես ցերեկն էլ չեմ կարում քնեմ, էն ա սովորել եմ իմ ժամին, դեռ լիսը մի պուճուր բացված ա ըլում, մթնաժոռած, ոչխարը գալիս, աղալից հանում եմ, տանում։ Էդ օրվա սմենի չոբաննին լավ մարդիկ են ըլում, ոչխարը խելոք ա մնում, թե չար մարդ ա ըլում, ոչխարը սաղ օրը շաշումաշ ման ա գալիս», – ասում է Սեթոն։

Հա, ու մի բան էլ՝ ոչխարները Սեթոյին սիրում ու խնայում են, շատ չարչարել չունեն, ասում է, հանդուչոլերից տուն գնում է առույգ ու կայտառ: Հոտին ղեկավարելու գործի վարպետ է չոբան Սեթոն, փորձված մեթոդներ ունի՝բոլորն էլ աշխատողեն:

«Սրանց լեզուն դժար ա, ամեն մարդ չի հսկանում, ամեն մարդ չի, որ կարում ա գլխի ըլի։ Ամենաչարն էծերն են, սրանց հետ դժար ա, մենակ սրանք մի բանն ա լավ, որ ճղավում են, ջոգում եմ, որ բռնել ա», – ասում է երկարամյա հովիվը։

Քաղաքի աղմուկից ու փոշուց հեռու, իր աշխարհում՝ հանդ ու չոլերում երջանիկ է չոբան Սեթոն, նորություններ վաղուց արդնե չի լսում, լսածն էլ՝ միայն ոչխարի մսի գնի մասին է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.