Երևան – Թբիլիսի մայրուղին հատող Նեղոցը դեպի սարերը բարձրացող ու, թվում է, ամպերին հասնող միայն մեկ գլխավոր փողոց ունի, սակավ հողեր ու աշխատանք փնտրող բազում երիտասարդներ:

Արտակը նրանցից մեկն է, աշխատանք փնտրում է մոտակա արդյունաբերական ձեռնարկություններում, բայց՝ անհույս:

Արտակ Մկրտումյանը

«Անընդհատ ասել են՝ հա, կլինի, բայց «ձայն բարբառոյ հանապատի», մինչև էս պահը ես անգործ եմ», – ասում է Նեղոցի բնակիչ Արտակ Մկրտումյանը։

Անգործ երիտասարները մեծ քաղաքներ են տեղափոխվում, այգեգործությունը, որ եկամտի հիմնական աղբյուրն է, սեզոնային է ու կախված եղանակից, ասում են: Վարչական ղեկավարի՝ գյուղի երիտասարդներին տեղում պահելու ջանքերն էլ անօգուտ են, ոչինչ չեն փոխել նաև կառավարության՝գյուղոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց լավ ծանոթ է թերևս միայն վարչական ղեկավարը:

Մհեր Բաբայանը

«Կառավարությունը ուղարկել ա մարզպետարանին, հետո մեզ են տրամադրել։ Բայց գյուղն էդքան մեծ չի, մեծ գործունեություն ստեղ չկա», – ասում է Նեղոցի վարչական ղեկավար Մհեր Բաբայանը։

Տիկին Հրանուշը պատմում է՝ այս տարի շատ ընտանիքների նույնիսկ սեզոնային նվազ եկամուտը պակասեց: Աստծու անեծք էր, թե ինչ, աննխադեպ կարկուտ տեղաց գյուղի ու այգիների գլխին, հա՛մ տները վնաս կրեցին, հա՛մ էլ պտղի  շուկայական տեսքը կորավ ու իրացումն ու գինը դարձան անհուսալի, բողոքում է տատը:

Հրանուշ Մկրտումյանը

«Թզի ծառեր  ունենք, վլվլում են, բայց կարկուտը սաղ վնասել ա։ Վրեն փչանում ա, տեղ չկա, որ վաճառենք», – ասում է Նեղոցի բնակիչ Հրանուշ Մկրտումյանը։

Գոնե անասնապահությանը զարկ տալու համար սար տանող ճանապարհներն են բարեկարգվել, ասում է վարչական ղեկավարը: Ասֆալտապատվել են գյուղի մի քանի նրբանցքներ, շուտով մի թաղամաս՝ 27 ընտանիքով, նույնպես խմելու որակյալ ջուր կունենա:

«Սարից էկող ջրից են օգտվում։ Շատ անհրաժեշտ ա ջուրը, էսօր գնալով էդ ջուրը պակասում ա», – նշում է Նեղոցի վարչական ղեկավարը։

Տիկին Օֆելյան անհամբեր սպասում է խոստացված  ջրին:

«Սարի ջուր ա, խմելու էլ չի։ Շատ վախտ գնում եմ, շշով բերում Ագարակի ջրից, որ խմեմ։ Էս ջուրը ամանով հավաքում եմ, ծաղիկները ջրում։ Եթե էս ջուրը գրաֆինկեն լցրի, տարա տանը դրի, մեջը կանաչում ա», – պատմում է նեղոցի բնակիչ տիկին Օֆելյան։

Տատը սպասում էր նաև կարկուտի վնասների փոխհատուցման, բայց ապարդյուն։ Ասում է՝ գյուղը մի քանի անգամ կարկտահարվել է, շատերի միակ եկամուտը, որ թզի վաճառքից էր գոյանալու, արդեն չկա ու չի լինի: Այսպես էլ ապրելու են՝ հույսի ու հուսահառտության, անկատար խոսոտւմների սահամանագծում։

Առջևում ձմեռ է, գյողում գազ արդեն կա, բայց վճարելու խնդիր էլ կա, փայտ չկա ու չկա, էլեկտաէներգա կա, որի ծախսը գնի պատճառով շռայլություն է։ Մայրուղին անցնում է գյուղի եզրով, բայց աշխարհին կապվելու համայնքային տրանսպորտ չկա:

1Չկա ու չկա, որ մինը թվեմ», – գանգատվում է տիկին Օֆելյան։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.