«5։30 կոֆեն խմում եմ, զանգում եմ մեր չոբանին, որ վեցն անց գա, ոչխարը տանի հանդը, վեցին շեֆին եմ վերկացնում, որ կովերը կթի, ու մինչև ժամը 9-ը՝ մեր գոմերով, հետո խանութ։ Իրիկունը էլի նույնը կրկնվում ա», – պատմում է Յաղդանի բնակիչ Նորիկ Մելիքսեթյանը։

Գյուղում օրն այսպես է անցնում։ Նորիկ Մելիքսեթյանն ու Մարգարիտա Գալստյանն իրենց երեք որդիների հետ Յաղդան գյուղում  են ապրում։ Երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո Նորիկ Գալստյանը հայրենի Յաղդան գյուղ է  վերադարձել ու վերջնականապես մտքից հանել երկրից դուրս գալը։ Գյուղը սիրում է։

Նորիկ Մելիքսեթյանը

«Օտարությունում ապրել եմ, բայց հիմա չեմ ուզի։ Ավելի լավ ա՝ ստեղ ապրեմ։ Առավոտ, որ նստում եմ, իմ կոֆեն վայելում եմ, դա ուրիշ բան ա», – ասում է Նորիկ Մելիքսեթյանը։

Իսկ Մարգարիտան, որ հարևան գյուղից է Յաղդան հարս եկել, ասում է՝ չէր ցանկանա, որ իր երեխաներն էլ գյուղում ապրեին։ Այստեղ չարչարանքը շատ-շատ է։  Նրանց ապագան գյուղում չի տեսնում։

Մարգարիտա Գալստյանը

«Ես իմ մաշկին էդ ամեն ինչը զգալով՝ ուզում եմ իրանք ինձանից ավելի լավ ապրեն», – նշում է Մարգարիտա Գալստյանը։

Ինչևէ, ամուսինները գյուղում տնտեսություն են հիմնել, զբաղվում են գյուղական  գործերով։ Այգի են մշակում, անասուն պահում։ Տնամերձը թեպետ փոքր է, բայց գրեթե ամեն տեսակ բանջարեղեն աճեցրել են, որ խանութից չգնեն։ Ասում են՝ նախ այսպես գումար են խնայում, հետո էլ՝ առողջ սնունդ են օգտագործում։

«Մշակում ենք լոբի, կարտոֆիլ, ինչ որ տանը մեզ անհրաժեշտ ա։ Էն բանը, որ չենք կարող ստեղ աճեցնել, առնում ենք», – ասում է Մարգարիտան։

Ճիշտ է, անձրևառատ տարին վնաս է տվել այգու շատ մրգատու ծառերին ու մշակաբույսերին, բայց որոշների համար խոնավությունը նույնիսկ դրական ազդեցություն է ունեցել, ասում է տանտերը։

«Տոթը մեր ծառին լրիվ վնասել ա։ Տերևները դեղնել են, բերքը թափում ա։ մեկ էլ կորտոֆիլը՝ 3 անգամ տոթի դեղ, էս, էն արել եմ, բայց արդեն սևանում ա։ Բայց մյուս բույսերին օգուտ էլավ», – նշում է Նորիկ Մելիքսեթյանը։

Դժվարությունները երբեմն ամուսիններին հիասթափեցնում են, բայց մեկ է՝ պապական տունը չեն թողնելու։ Միայն թե կցանկանային, որ գյուղերում էլ երիտասարդների ու երեխաների համար կրթական, ժամանցային կենտրոններ լինեին։ Տրանսպորտ ու նմանատիպ այլ բաներ, որոնք ինչ-որ կերպ կթեթևացնեն գյուղացու հոգսաշատ առօրյան։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.