Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Բովաձորի՝ 1,5 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհը շինարարական ընկերություններից մեկի նվերն է համայնքին, իսկ ահա կամուրջը վթարային է, գյուղամիջյան ճանապարհներն էլ՝ անմխիթար վիճակում:

«Լավ կլիներ, որ մինչև գյուղամեջ գար, բայց ասեցին, որ տեխնիկան ծանր ա, կամրջի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, ծանր տեխնիկա ա, կարող ա կամուրջը չդիմանա», – ասում է Բովաձորի բնակիչ Խաչիկ Մանուկյանը։

Որ գյուղ մտնող ճանապարհն ասֆալտապատվել է, դա լավ է, բայց բնակիչները հույս ունեին՝  դրանից հետո համայնքային տրանսպորտ տեսնել։ Հարևան գրեթե բոլոր բնակավայրերում  տրանսպորտ գործում է, Բովաձորում դա այդպես էլ երազանք մնաց, ասում են բնակիչները:

«Ասում էին՝ ասֆալտապատած չի։ Հիմի ոնց որ սարքել են, բայց ավտոբուսը չի մտնում։ Մեր տղան ջահել ա, գնում ա Ստեփանավան, որ աշխատի, ամեն անգամ՝ տաքսի, տաքսի, տաքսի», – ասում է բովաձորցի Ռուզաննա Միկոյանը։

Ռուզաննա Միկոյանը

Վարչական ղեկավարը նշում է՝ խնդրին քաջատեղյակ են, ավելին՝ դիմել են Ստեփանավան-Պրիվոլնոյե երթուղու սեփականատիրոջը, սակայն ստացել են բացասական պատասխան։ Պարզվում է՝ ձեռնտու չէ բնակավայրը սպասարկելը, իսկ  համայնքը ազդեցության լիազորություն չունի։

«Խնդրել ենք մի քանի անգամ, մտել են, բայց ավտոբուսի վարորդն ասում ա՝ ձեռք չի տալիս, որովհետև էնքան ուղևոր չկա, որ գոնե մեկը մյուսով ծախսը փակվի», – ասում է Բովաձորի վարչական ղեկավար Արման Սաքանյանը։

Արման Սաքանյանը

Բնակավայրում դժգոհություններ էլի ունեն: Մանկապարտեզ և այգի չունեն, ժամանցի կենտրոնն էլ թերևս մեծ ճոխություն կլինի:

«Իմ տանն էս պահին հինգ թոռ ունեմ, բայց մանկապարտեզ չունենք։ Երեխաների այգի բացվի, որպեսզի երիտասարդությունը մնա գյուղում», – ասում է Բովաձորի բնակիչ Իրինա Հարությունյանը։

Տարածաշրջանի, այդ թվում Բովաձորի բնակիչները հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում, գրեթե բոլորն այս տարի էլ հացահատիկ ու կարտոֆիլ են ցանել։ Սպասելինքները մեծ են, եթե եղանակը թողնի, ասում են։

Բովաձորցիները երկու  մտահոգություն էլ ունեն՝ չոբան ու մեկ էլ տրակտորիստ չունեն։ Ժամանակին  դաշտ մշակել չեն կարողանում, հողն էլ սպասել չի սիրում, ասում են:

Խաչիկ Մանուկյանը

«Չոբանի և տրակտորիստի խնդիր ունենք, համայնքապետին դիմեցինք, ասինք ուշ ենք ցանել ցորենը, բերքատվության վրա ազդում ա։ չենք կարում տրակտորիստ ճարենք, երևի վարձատրությունն ա քիչ, թե մարդիկ չեն ձգտում տրակտորի ղեկին նստեն, դա մի քիչ դժվար ա բացատրել։ Ոնց որ տեխնիկաները գնվել ա, ինչ-որ մի ծրագրով բերվել ա, ունենք լավ պարկ Լոռի Բերդ համայնքում տեղակայված», – ասում է Բովաձորի բնակիչ Խաչիկ Մանուկյանը։

Բնակավայրի վարչական ղեկավարը նշում է՝ զարգացման հնգամյա ծրագրերի մեջ Բովաձորը կունենա մի շարք ձեռքբերումներ, ինչպես նաև առկա խնդիրների հնարավոր լուծումներ, իսկ թե երբ, հստակ  ասել չի կարող։

«Մեր համայնքի հնգամյա ծրագրով նախատեսված է, որ բոլոր բնակավայրերում պետք ա գոնե ներքին ճանապարհներն ամբողջությամբ կառուցվեն», – նշում է վարչական ղեկավարը։

93 տնտեսություն ունեցող փոքրիկ այս գյուղում, այնուամենայնիվ, զարգացման հեռանկարները մեծ են, բնակավայրը գնալով վերածվում է զբոսաշրջային կենտրոնի, բնակիչները փաստում են՝ լքված և անտեսված տները գրեթե ամբողջությամբ վերածվել են հյուրատների, հացատների, քանի որ առաջին հերթին բնությունն է չափազանց շռայլ գտնվել, ու հետո նաև պայմանները նպաստավոր են։ Օրինակ՝ շուրջօրյա ջրամատակարարում, որը հարևան շատ ու շատ գյուղերի համար ուղղակի մեծ երազանք է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.