«Էնքան դժվար չեկանք, ինչքան դժվար բաժանվեցինք․․․»

Արցախի կարոտը սրտներում Գրիգորյանները եկել են Լոռի Բերդ: 44 –օրյա պատերազմից հետո այստեղ նոր հարազատներ էին ձեռք բերել: Ամեն ինչ կորցրած ընտանիքին այս անգամ Հայաստանում տեղավորել էին Թալինում: Բայց Լոռի Բերդ գալու ցանկությունը մեծ էր, ընտանիքի նոր հասցեն որոշվեց Ռուզաննայի մեկ զանգով: Նորից Լոռի Բերդում են, այս անգամ Արցախը կորցրած:

Ռուզաննա Գրիգորյանը

«Թալինում նորմալ տեղ չկար, միանգամից Գայանեին գրեցի, որ տեղ չկա, ցուրտ է, էրեխեքը՝ դրսում, ինքն էլ ասեց՝ առանց մտածելու վեր կաց ու արի էստեղ։ Շատ լավ ընդունել են, շատ լավ մարդիկ են, Էստեղի մարդիկ ուրիշ են, ես միշտ եմ ասել։ Էն թվականին ու հիմա էլ շատ մեծ սիրով, հավեսով, ուրիշ տեսակ են», – պատմում է Ռուզաննա Գրիգորյանը։

Մշակութային կազմակերպության արվեստանոցն է դարձել Գրիգորյանների կացարանը: Ամռան ամիսներին այստեղ արվեստագետներ են հյուրընկալվում, նկարչական պլեներների մասնակցում: Մի խոսքով՝ արվեստանոցը ընտանիքի տրամադրության տակ է անորոշ ժամանակով:

Չորս երեխաներից 3-ը չարաբաստիկ օրը դպրոցում էին, պատմում է Ռուզաննան, նկարագրում դժոխքը, որով անցել է. կրակոցների, լացի ու աղաղակաների ձայներ, համատարած խառնաշփոթ ու կորած երեխաներ: Այդ ու հետագա 7-8 օրերի ապրումները մոռացնել չեն տալիս անգամ նոր տան ու այգու խաղաղությունը:

«Տա Աստված՝ էլ երբեք ոչ մի օր ու ոչ մի անկյունում պատերազմ չլինի, ոչ մի էրեխա դա չտեսնի», – ասում է Ռուզաննան։

Պատերազմի սարսափով անցած երիտասարդ կինը պատմում է, որ իր տեսած նախորդ երկու պատերազմներից այս մեկը տարբերվում էր, բայց անգամ այդ դեպքում երբեք չէր էլ կարող մտածել, որ այլևս իր տուն ու հայրենիք չի վերադառնալու, այդ մտքի հետ անհաշտ է:

«Կյանքում չէի պատկերացնի, որ ամբողջ Արցախը կհայաթափվի։ Պալատկի տակ էլ, որ մնում էինք աերոպորտում (օդանավակայանում), մտածում էի՝ հա, էս 10-15 օրն ա, կանցնի, կգնանք տուն։ Ինչ-որ մի բան էլ, որ ասում էին բերենք, ասում էի՝ թող մնա տանը, մեկ ա՝ գալու ենք։ Չէինք պատկերացնի, որ սենց կլինի», – ասում է երիտասարդ կինը։  

Արվեստանոցի գունավոր սենյակները փոքրիկ արցախցիների սրտով են: Ոգեշնչված շրջապատի գույներով ու արվեստի շնչով՝ իրենք էլ, մեծ թե փոքր, նկարում են: Փոքրիկ այգում բերքառատ շրջանն է, օգտվում են մրգերից ու առայժմ արեւոտ եղանակներից: Բայց որքան էլ միջավայրը խաղաղ է, փոքրիկ արցախցիների հոգում խռովք կա, անարդարության ցասում, որ ժամանակ առ ժամանակ պոռթկում է, հատկապես,  երբ տեսնում են մոր՝ կարոտախառն արցունքները:

«Մաման լացում ա, ասում եմ՝ մամ, լաց մի լինի, հետո Անժելան ասում ա՝ աղոթեցեք, Հիսուս օգնալ ա, հետո աղոթալ անք, բայց ինքը օգնել չի», – ասում է փոքրիկներից մեկը։

Քաղցրալեզու փոքրիկը Ասկերանի իրենց տանը սիրելի տիկնիկներին է թողել։ Ասում է՝ երևի վախենում են իր նման: Քույրերից ավագներն էլ մայրիկին չգտնելուց են վախեցել, հանգստացել միայն նրա գրկում:

«Մի մարդ եկալ ա, ասել ա՝ հետըս եկեք, գացել ենք պադվալ, ընդեղ կացալ ենք, սպասել անք՝ մամուն, վախեցալ անք, հետո մամաս եկալ ա», – ասում է Ռուզաննայի փոքրիկներից մեկը։

Այստեղ՝ Լոռի Բերդում, մայրիկի գիրկը հազվադեպ է ազատվում։  Ահուսարսափով անցած փոքրիկները նոր-նոր ուշքի են գալիս, դպրոց են գնում, նոր ընկերներ ունեն ու ամեն ինչ կարծես լավ է, գոնե թե իրենց համար, իսկ Ռուզաննան Ասկերանի իրենց տան ու Արցախի կարոտով է ապրելու, կարոտ, որ երբեք էլ հանգիստ չի տալու:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.