Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
«Իրիկունը հենց մթնեց, ծովյանը խաղ արավ, խաղ արավ, ամպը գոռաց, վրա կալավ, վարա՜ր, թե էն ինչքան ուժեղ», – պատմում է Օձունի բնակիչ Խանում Բարսեղյանը։
Օձունի օդերևութաբանական չափումների կենտրոնում յոթ տարի աշխատած Խանումին երեկվա ամպերն աղետալի են թվացել, քիչ անց վատ կանխատեսումներն իրողություն դարձել: Երեկոյան 22։00-ին մոտ 15 րոպե Օձունում կարկուտ է եկել՝ համարյա հավկիթի մեծության:

Խանում Բարսեղյանը
«Սև ամպեր են, հավաքվում են, կուտակվում, էս սիրուսը լավ եղանակի ամպ ա, ստրատուսը՝ խառը, փոփոխական», – ասում է Խանում տատը։
Ամեն օր քամի, հորդառատ անձրև ու կարկուտ․ այսպիսին է եղանակը Լոռիում ու նաև Օձունի սարահարթում: Հակակարկտայինները չեն դադարում կրակել, բայց՝ անօգուտ:
«Անձրև, քամի, փոթորիկ, էն ա եսիմ, խառուշըղ, էս տարին վաբշե տարի չէր», – ասում է Օձունի բնակիչ Վասիլ Նալբանդյանը։
Անասնապահ Վասիլի դարդը խոտի պակասն է: Տևական անձրևներից արդեն հասունացած խոտը փտել, հողին է հավասարվել:
«Հիմի էլ ժամանակն ա, բայց փտել ա, կորել։ Սա հնձվիլ չի, տափակվել ա, ի՞նչ տի հնձվիլ, պտի թողան, կորչի», – ասում է գյուղացին։

Տասնհինգ-քսան օր է՝ անասնապահները սիրտները պահած սպասում են արևի, խոտի հնձման թանկ ժամանակն անցնում է, անասնակերի հարցը մնում օդում կախված:
«Տակը թաց ա, չի հնձվիլ, հետն էլ փտում ա։ Արև չի անում, որ հնձես էլ, եղանակ չի անում, որ չորացնի», – ասում է Ամոջ գյուղի բնակիչ Ոսկանը։
Ամոջեցի Ոսկանը հիշում է՝ նման անձրևառատ գարուն ու ամառ տեսել են 92-ին: Ինքը սարում էր, եղանակը մեկուկես ամիս չէր բացվում:

«Հիմի, ոնց որ սենց մառախուղ ա էլել, ես սարումն եմ, բայց չեմ հիշում տոչնի՝ 48 թե 58 օր, էլի էս վիճակին էլել ա», – հիշում է գյուղացին։
Ամոջ բնակավայրում կարկուտը կարճատև է եղել, բայց խոշոր չափեր ունեցել:
«Դե ծիրանի չափի, էլի։ Սաղ ավիրեց, դրեց ընդեղ։ Թե՛ բոստան, թե՛ խաղող, թե՛ խնձոր, ամեն ինչ ավիրեց», – ասում է Մարինե Գևորգյանը։
Օձունում, Ամոջում ու Հագվիում տնամերձերը մեծ վնասներ են կրել։ Գյուղատնտեսական տարին ձախողված համարող գյուղացիները դեռ հույս են փայփայում, որ որոշ չափով պահպանվել են դաշտերի հացահատիկային կուլտուրաները: