Ալավերդու Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շահագործումը նախատեսված էր դեռ նախորդ տարի։ Մեկ տարի անց, սակայն, շենքը պատրաստ չէ օգտագործման համար։ Այստեղ դեռ շինաշխատանքներ են ընթանում։
Շինարարությունն իրականացնում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն։ Հայաստանի սոցապնախարարությունից «Անկյուն+3» ՀԸ հարցմանն ի պատասխան տեղեկություն են տրամադրել՝ նշելով, որ այս ընկերության հետ պայմանագիրն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն կազմակերպությունն իր պարտավորություններն ըստ պատշաճի չի կատարել, ինչի հետևանքով վերջինիս հանդեպ կիրառվել են տույժեր և տուգանքներ։
Իսկ շինարարական կազմակերպությունն էլ պատճառաբանել է, որ աշխատանքների համար անհրաժեշտ տարբեր նյութեր ու գործիքներ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում չեն եղել։ Այժմ դրանք ձեռք են բերվել, և շինարարությունը շարունակվում է։
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ կենտրոնը շահագործման է հանձնվելու մինչև տարեվերջ։