Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Դեռևս խորհրդային տարիներին՝ Արտեմ և Անաստաս Միկոյանների կենդանության օրոք, երկու անվանի մարդկանց արձանները տեղադրվել էին թե՛ խորհրդային Միության և թե՛ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվել էր Եղեգնաձորում։ Ի դեպ, նախկինում շրջանը կոչվում էր Միկոյանի անունով։ Անաստաս Միկոյանի արձանները տեղադրվել են նաև Ալավերդու Սանահին կայարան թաղամասում, Սանահին գյուղում՝ Միկոյանների թանգարանի առջև։ Արտեմ Միկոյանի կիսանդրին տեղադրված է իր անունը կրող Սանահինի դպրոցի բակում։

Անաստաս Միկոյանի արձանը՝ Սանահին կայարանում

Պատրաստված էր նաև Արտեմ Միկոյանի կիսանդրին, որը, սակայն, երկար ժամանակ մնում էր թանգարանի տարածքում։ Եվ ահա 1998թ աշխարհահռչակ ավիակոնստրուկտորի, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետի, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանի կիսանդրին Հարավ կովկասյան երկաթուղու անմիջական նախաձեռնությամբ տեղադրվեց Ալավերդու երկաթուղային կայարանում։

Ալավերդու կայարանապետ Անդրանիկ Մովսիսյանը սեփական ուքաղաքի պատվի գործն է համարում Միկոյանի հուշարձանի և կայարանի սպասասրահում անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի որմնանակարների պահպանությունը։

Ռուդոլֆ Խաչատրյանի որմնանկարը՝ Ալավերդու երկաթուղային կայարանում

Ինչ վերաբերում է Միկոյանի կիսանդրուն, ապա այն տեղադրելուց հետո երբեք չի նորոգվել։ Անդրանիկը սեփական նախաձեռնությամբ երկաթուղու ղեկավարներից ներկ է խնդրել, մի կերպ կարողացել ներկել կիսանդրու առջևի հատվածը։ Իսկ հետնամասն անմատչելի է, քանի որ արձանը չափազանց բարձր, է և առանց հատուկ տեխնիկայի հնարավոր չէ շարունակել աշխատանքը։

«Մեզ պետք ա վիշկա, որ բարձրացնի, մենք կներկենք։ Առաջ, գործարանը որ աշխատում էր, միշտ օգնում էր, կիսանդրին նորմալ վիճակում էր։ Հիմա չգիտեմ՝ ում դիմեմ, որ մի հատ վերելակ տան, ես մնացած հետևի մասը ներկեմ», – ասում է Հարավկովկասյան երկաթուղու Ալավերդու կայարանապետ Անդրանիկ Մովսիսյանը։

Մի խնդիր էլ կա։ Կիսանդրու տեղադրման ժամանակ հավանաբար աշխատանքը անորակ է արվել, կամ գուցե ժամանակի ազդեցությամբ, պատվանդանին դրված կիսանդրին շարժվում է։

Անդրանիկ Մովսիսյանը

«Չեմ կարա ասեմ՝ շինարարական ամրությունն ինչ վիճակում ա, բայց եթե փորձել ենք մոտենալ կիսանդրուն, որ մի ձևով ներկենք, շարժվում ա, տեղահան ա լինում, վտանգավոր ա։ Կարող ա կպչենք, մեջքի վրա ընկնի։ մեզ մի հատ վերելակ ա պետք, որ կիսատ գործն ավարտենք», – նշում է կայարանապետը։

Կայարանապետն ասում է՝ հատկապես վերջին տարիներին շատ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս հենց միայն հուշարձանը տեսնելու նպատակով։

«Ֆրանսիացի էլ ա էկել, ռուս էլ, չինացի էլ, ուկրաինացիներ են էկել, շատերն են Միկոյանին ճանաչում։ Ճիշտ ա՝ խառնում են Անաստասի հետ, բայց երբ տեսնում են նկարը (ինքնաթիռի), առջևում կա, հասկանում են՝ ով ով ա», – պատմում է Անդրանիկ Մովսիսյանը։

Առանց այն էլ ճարտարապետական հետաքրքիր տարրերով ու արձաններով աղքատ մեր քաղաքում անթույլատրելի է եղածների  նման վիճակը։ Եվ քանի որ տարածքը համայնքինն է, ասել է թե՝ արձանն էլ, խնդիրն էլ  համայնքինն են։ Ներկապատման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է միայն տեխնիկա հատկացնել, քանի որ կայարանապետը պատրաստ է անձամբ շարունակել ներկապատումը։ Սակայն տեխնիկան տրամադրելու դեպքում անհրաժեշտն կլինի նաև կիսանդրին ամրացնել պատվանդանին, հակառակ դեպքում չի բացառվում, որ այն մի օր կընկնի շուրջ 12 մետր բարձրությունից։ 

Ի դեպ, երկաթուղային կայարանում սա միակ խնդիրը չէ, որ նկատելի է։ Ավտոկայանից դեպի կայարան բարձրացող երկու աստիճանաուղիներից մեկն էլ փլուզված է, և վտանգված են շենքի հիմքերը։ Նաև՝ Ռուդոլֆ Խաչատրյանի  որմնանկարները։

Ահա այսպիսի տեսք է ունեցել կայարանի շենքը բացմանը՝ 1964 թվականին, որին մասնակցել են նույն ինքը՝ Անաստաս Միկոյանը, խորհրդային Հայաստանի առաջնորդներ Զարուբյանն ու Քոչինյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.