Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ լուսանկար էր հրապարակել, որը լավագույնս է պատկերում Ալավերդի քաղաքի այսպես կոչված Թուրքմենական թաղամասի կիսակառույց շենքերի պատկերը:
Թաղամասի անվանումը կապված է 1988 թվականի երկրաշարժից հետո Ալավերդի ժամանած թուրքմենական շինկազմակերպության հետ, որն այս թաղամասի կառուցապատմամբ է զբաղվել։
Շենքերի մի մասի շինարարությունը չի ավարտվել․ թաղամասոմ դեռ կան կիսակառույց կամ անավարտ շենքեր։ Դրանց մի մասը, պարզվում է, սեփականաշնորհված են, բայց ոչ-ոք տեղեկություն չունի, թե ովքեր են տերերը։ Անցած ավելի քան 30 տարիների ընթացքում նաև այս պատճառով թաղամասում անհնարին է եղել որևէ շինարարական ծրագիր իրականացնել։
Թուրքմենականի շենքերը քայքայվում են, շարքից դուրս գալիս, իսկ Ալավերդիում բնակվող հարյուրավոր անապահով ու հատկապես երիտասարդ ընտանիքներ անտուն են այն դեպքում, երբ ահա նման մի քանի շենքեր վերածվել են բազմահարկ գոմերի, ուր կողքի կամ հենց նույն շենքում մեկ-երկու բնակարան կառուցած մարդիկ բնակտարածքը վերածել են անասնագոմերի և հավեր ու խոզեր են պահում։
Փաստորեն իրոք թանկարժեք գոմեր ու շնանոցներ կան Ալավերդիում։