Ալավերդու 3 /14 շենքում տոնական սեղաններ բացելու առիթը շենքի ու տարածքի բարեկարգման այս փուլի աշխատանքների ավարտը նշելն է: Հյուրերին դիմավորում են աղուհացով, նորակառույց տաղավարի բացումն ազդարարում կարմիր ժապավեն կտրելով:

Այս շենքի ու ընդհանուր օգտագործման տարածքի վերափոխման գործը անցած տարի է սկսվել՝ ռուսաստանաբնակ Հովհաննիսյանների նախաձեռնությամբ: Ամբողջ շենքով մեկ մարդու նման հավաքվել, նախ վերելակ են տեղադրել, հետո հենապատեր վերակառուցել, շենքի տարածքից հեռացրել մետաղի ջարդոններն ու շինարարական աղբը, վերանորոգել շքամուտքը, մուտքի աստիճանավանդակները, պլաններում է մանկական խաղահրապարակի կառուցումը:

Կարեն Հոսյանը

«Ամեն տարի ինչ-որ մի բան անում ենք շենքի համար, որպեսզի մեր ու մեր երեխաների միջավայրը բարեկարգ լինի։ Կարճ ասած՝ օրինակ ենք ծառայում, որ բոլոր թաղերում, բոլոր շենքերում մեզանից օրինակ վերցնեն, ինչ կարան անեն։ Քաղաքապետարնն էլ, եթե տեսնում ա մի բան անում ես, իրանք էլ են ձեռք մեկնում», – ասում է 3/14 շենքի բնակիչ Կարեն Հոսյանը։

Բարձրահարկերում վերելակների գործարկումը կարևոր է հատկապես տարեց բնակիչների համար:  

Անահիտ Ասլիկյանը

«Կցանկանամ մեր դրսի ապրող բնակիչներին՝ ով ինչքան կարող ա, ամենքն իրանց շենքը մի քիչ բարեկարգեն։ Թող վարակվեն մեր բնակիչներից։ Պատկերացնու՞մ եք՝ 9-րդ հարկից մեծ կինը ամեն օր բարձրանա, իջնի», – ասում է շենքի բնակիչ Անահիտ Ասլիկյանը։

Բնակիչներն այսքանով չեն սահմանափակվելու․ այլ հավակնոտ ծրագրեր ունեն: Բարեկարգման գործի ձեռնարկումից հետո շենքում նոր բնակիչներ են ավելացել, միաժամանակ բնակարանների գներն աճել են, վստահեցնում են հնաբնակները:

Վարուժան Մելքումյանը

«Բոլոր շենքերում էլ կարան միավորվեն, էս նույն բաներն անեն։ Էլ չսպասեն, որ քաղաքապետարանը պետք է անի։ Դե մենք մեր կողմից անում ենք, ինչ էլ կարում են, կողքից օգնում են։ Չեն կարում, մենք ոնց կարում, անում ենք մեր ուժերով», – ասում է 3/14-ի բնակիչ Վարուժան Մելքումյանը։

«Կարող ա մի սենյականոցը դառնա 50 հազար դոլլար», – ասում է տարեց մի բնակիչ։

Մեր օրերում, երբ միջավայրի, բնության ու առհասարակ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համատարած անտարբերություն է, այս շենքի բնակիչների՝ ի շահ բոլորի համկեցությունն իսկապես օրինակելի է: Հին թե նոր հարեւաններ, դա կարեւոր չէ, ապրում են մեկը բոլորի, բոլորը մեկի կարգախոսով:

«Մի հատ ասացվածք կա, ասում ա՝ ցախավելը տալիս են էրեխու ձեռը, ասում են՝ կոտրի։ Ասում ա՝ այ պապի, ոնց կոտրեմ, ասում ա՝ հատ-հատ արա, կկոտրես։ Հիմի մենք հատ-հատ չենք, բռունցք ենք մի հատ, էդ բռունցքով ուզում ենք մեր շենքը վերականգնենք։ Մեզանից էլ թող օրինակ վերցնեն։ Եթե կարենանք ծրագրի մեջ մտցնենք, շենքն էլ տաքացնենք, շատ լավ կլինի», – ասում է բնակիչներից մեկը։

«Աղբանոց էր։ Հավեսի ենք ընկել, ուրախացել։ Երանի բոլոր շենքերում էլ էսպիսի մեկը դուրս գա, սենց լավ բաներ անի», – նշում է 3/14-ում ապրող մի կին։

Շենքի փոքր բնակիչների կարծիքներն էլ այստեղ չեն անտեսում, տարածքն արդեն բարեկարգում են մյուս տարի շենքը նաեւ մանկական այգի կունենա:

«Մենք ուզում ենք, որ այս շենքում համերաշխություն լինի, մեկը մեկին գնահատի։ Ունենանք խաղահրապարակ, բոլորս խաղանք», – ասում է բակի փոքրիկներից մեկը։

Ցանկություններն ու նպատակները համընկնում են, մնում է իրագործել, ասում են մեծահասակներն ու արդեն իսկ պլանավորում բարեկարգման հաջորդ փուլի աշխատանքները:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.