Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Հունիսի 3-ին ժամը 23։00-ի սահմաններում  Ալավերդիում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնության անձնակազմը ոստիկանության ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում է եղել, բայց ապարդյուն․ մահը վրա է հասել տեղում։

«Արձանագրել ենք այդ պահին մահը և չենք տեղաշարժել։ Այնուհետև մենք դուրս ենք եկել, աշխատել է ոստիկանությունը։ Քունքի աջ հատվածում կար պատռված վերք», – ասում է Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության հերթապահ բժիշկ Կարեն Գիգոլյանը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցին հարող Հայպետշին թաղամասի գծանցում։ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա  Ժորա Պետրոսյանն ընկել է գնացքի տակ՝ դեռևս չճշտված հանգամանքներում:

Տղան աշխատում էր Ալավերդու  «Վարս Թրեյդ» ՍՊԸ-ում։ Ընկերները, գործընկերները շոկի մեջ են, պատահարի մասին վաղ  առավոտյան են իմացել: Համեստ, բարի ու կարգապահ․ այպես են բնորոշում իրենց ընկերոջը։

«Ամեն առավոտ գալիս էր, կոֆեի ապարատն իրար հետ մաքրում էինք։ Շատ մարդամոտ, շատ հարգված տղա էր, շատ կատակասեր», – ասում է Ժորայի գործընկերներից մեկը։

«Էկանք գործի, իմացանք, շատ մեծ ցավ ապրեցինք։ Մեր լավ աշխատողներից մեկն էր Ժորան։ Կարգապահ, հարեհաս ամեն ինչին, մաքուր տղա», – ասում է ընկերության մեկ այլ աշխատակից։

Ալավերդու կենտրոնական ու աշխույժ երթևեկություն ունեցող երկու փողոցները միյանց կապող հետիոտնային կամուրջը կառուցվել է շուրջ 20 տարի առաջ, սակայն 10  մետր բարձրությունից կտրուկ անցումներով ներքևի փողոց իջնող կամուրջը դժվարանցանելի է հատկապես գիշերով և հատկապես տարեցների համար։ Մարդիկ շարունակում են երթևեկել նախկինում գործած ուղիով՝ գծանցով, որը ժամանակին կարգավորվել է հերթապահ աշխատողների ու արգելափակոցի միջոցով։

Կամուրջը կառուցվել է, սակայն մարդիկ գերադասել են նախկին ուղին, որն ավելի մատչելի է։ Երկաթուղու ղեկավարության պահանջով  2016 թվականից Ալավերդու համայնքապետարանը հին անցումով մարդկանց երթևեկը արգելափակելու նպատակով պատնեշ է կառուցել, սակայն այդ տեղում երկաթուղին հատելու հնարավորություն կա, դեռ ավելին՝ դարձել է առավել վտանգավոր։ Պատի բացակայության դեպքում գնացքը նկատելիս մարդիկ կարող էին փախչել, հիմա դա հնարավոր չէ արագ կատարել։ Ամեն տարի այս հատվածում մեկ երկու նման դեպք է տեղի ունեւոմ։

«Դե փակած ա, ինչի՞ են գնում»․ հարցադրումն Ալավերդու բնակիչ Վալերի Ներսիսյանինն է։

«Դե չեն պատկերացնում, որ տենց դեպք կըլի էլի։ Պտի էդ արանքն էլ լավ փակեն, տենանք ինչ ա ըլնում», – ասում է մեկ այլ քաղաքացի։

«Ճանապարհը կարճ ա, միշտ էլ անցնելու են, միշտ էլ տենց դեպքեր լինելու են։ Որ ամբողջությամբ պատվի, էլ չեն կարա անցնեն», – ասում է Անտոն Պետրոսյանը։

Ահա այս հետիոտնային կամրջով պիտի անցնեն մարդիկ, որը չափազանց անհարմար է, նաև աստիճանների վրա դրված իբր թե հաշմադամների անվասայլակների համար ձևական տեղադրված մետաղյա չորսուների պատճառով, որը տեղադրվել է դրամաշնորհի շրջանակում և երբևէ չի օգտագործվել՝ պարզապես անհնարինության պատճառով։ Դեպքեր են եղել, երբ տարեց մարդիկ սայթաքել կամ ընկել են, ու այս տգեղ մետաղյա չորսուների պատճառով լրջորեն վնասվել։

Գիշերվա դեպքից ընդամենը ժամեր անց  երկաթգիծը նորից հատվում է չթույլատրված տեղում։ Մարդիկ ասում են՝ թող էնպես փակեն, որ չանցնենք։ Խնդրի վերջնական լուծումը շատ ալավերդցիներ տեսնում են վտանգավոր այս հատվածում ստորգետնյա երեք մետր լայնությամբ անցում կառուցելով։ Տեղանքը դրա հնարավորությունը տալիս է, թե՛ անցումի ջրահեռացման և թե՛ աստիճաններով Թումանյան փողոց դուրս գալու հնարավորություններ կան։ Այդ դեպքում անցումը կլինի անվտանգ ու հեշտ, կապամոնտաժվի տգեղ հետիոտնային կամուրջը, իսկ դեպի ստորգետնյա անցում տանող փողոցը կօգտագործվի տարբեր նպատակներով, որը հիմա պարապուտ է՝ քաղաքի կենտրոնում աղբանոց ու թափառող շների հավաքավայր։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.