Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Հատկապես գյուղերում տան հարսները լավ գիտեն ծեգինզարթնելուու ամեն ինչ հասցնելու բարդությունը: Ու հենց նրանց  ուսերին է ընտանիքի ու գյուղացիական տնտեսության հոգսը: Լույսը բացվելու հետ ուղղությունը դեպի գոմ է: Կիթ են անում, հետո կովերին արոտ քշում, կաթ մշակում, ձեռքի հետ  հասցնում փակոց անել ու դեռ մի բան էլ ժամանակ են գտնում թաղի հարսներով սուրճի սեղանի շուրջ համով -հոտով զրույցի բռնվել։

Տիկին Զինայի թել պանրի կողքով անտարբեր անցնողներ չկան։ Մենք էլ անմասն չմնացինք  ջլի պատրաստման ու նաև համտեսի գործից։

Թել պանրի պատրաստման գործում  ամենակարևորը համբերատար լինելն է, մեկ էլ կրակը թեժ պահելը: Կարևոր է նաև սիրով  ու դրական մտքերով գործին կպչելը: Հատկապես տարվա այս եղանակին կրակի կողքին կանգնելը հեշտ չէ, բայց, ինչպես ասում են, գյուղում ապրելն էլ հեշտ չէ։

Զինա Փիրուզյանը

«Հինգ անց կես վեր եմ կենում, մինչև իրիկունը տասնմեկն անց կես պտտվում, արածս էլ չի երեևում։ Որ ասում չի՞ վեր կաց, եսիմ թե ինչ եմ ըլում։ Կովերը կթում ենք, տանում դենն անում, ես ֆորթերն եմ դուս անում, հետո էլ գալի կաթ քամում, ջիլն անում, հաց սարքում, հաց ենք ուտում։ Երեկոյան նույն բանն էլի սկսվում ա», – ասում է Աթանի բնակիչ Զինա Փիրուզյանը։

Տասնյակ տարիներ յայլաներ է գնացել տիկին Զինան, հիմա առողջություն չունի, գյուղում կմնան: Կաթը քիչ ու պակաս խնոտ կլինի, բայց ոչինչ, կարևորը համը տեղն է: Օրական 30 լիտր կաթից թել պանիր, ռեժան, կարագ, կաթնաշոռ և էլի լիքը համովություններ է պատրաստում, ձմռան ապրուստ անում։

Վստահեցնում է՝ Աթանի գյուղմթերը շուկա չի էլ հասնում, իրացումը տան դռնից է, որովհետև համն անմահական է, մաքուր ու բնական, ասում է: Մի քիչ դժգոհ է ջիլ անելու դժվարությունից ու չափազանց ցածր գնից:

«Ինչ պատրաստում ենք, ամեն ինչը համեղ, բոլորից տարբերվում ա։ Մենակ պատրաստող ա պետք։ Առողջություն ա պետք, որ աշխատես, ապրես։ Ձմեռը տարել եմ ծախել, մի կիլոն 1800 դրամ ա, բայց հիմի 700 դրամ ա։ Բայց դե պահելը կրակ ա։ Եթե պահենք, ձմեռը շատ թանկ կլինի», – ասում է տիկին Զինան։

Խոսք ու զրույցի ընթացքում թել պանիրը պատրաստվում է, մի քանի րոպե պարանին չորանում, իսկ հետո կփաթաթի ու տեսքի կբերի։

Գյուղը ապրուստի տեղ է, ամբողջ ամառ կաշխատենք, իսկ ձմռանը պարապ կնստենք, աշխատածը կվայելենք, միայն թե խաղաղություն լինի, հավելում է իմ զրուցակիցը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.